Ոչ ժողովրդավարական պետությունների ոտնձգությունները իրավապաշտպանության և իրավապաշտպանների նկատմամբ
10:08, March 24, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՆորվեգիայի կառավարությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ պետությունների քննարկման է ներկայացրել տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների վերաբերյալ բանաձևի նախագիծ, որն արդեն իսկ աջակցություն է ստացել մի շարք երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Գանայի, Ճապոնիայի և Թունիսի կողմից:
Նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկով են հանդես եկել Չինաստանը, Կուբան, Եգիպտոսը, Պակիստանը և Ռուսաստանը: Նրանք մասնավորապես ներկայացրել են 30 փոփոխություն, որոնք լուրջ վտանգներ են պարունակում իրավապաշտպան գործունեության համար: Մասնավորապես՝ առաջարկվում է վերացնել «իրավապաշտպան» տերմինը, իրավապաշտպանների գործունեության լեգիտիմությունը, ինչպես նաև՝ չաջակցել իրավապաշտպանների պաշտպանությանը հետապնդումներից և հարձակումներից:
Բանաձևի նախագիծը քվեարկության է դրվելու 2016 թ. մարտի 23-24-ը:
Այն երկրներում, որոնք առաջարկում են վերոնշյալ փոփոխությունները, մարդու իրավունքների վիճակը գտնվում է բավականին վատ վիճակում, մասնավորապես՝ Չինաստանում, սկսած 2015թ. հուլիսից շուրջ 300 լրագրողներ, իրավաբաններ և իրավապաշտպաններ են կալանավորվել, իսկ Եգիպտոսը ձգտում է կասեցնել անկախ իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը:
Այս կապակցությամբ ավելի քան 100 կազմակերպություն ողջ աշխարհից բաց նամակ են հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ առաջարկվող բացասական փոփոխությունները մերժելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունը պատկանում է այն երկրների թվին, որը ընդունել է իրավապաշտպանների վերաբերյալ մի շարք բանաձևեր:
Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը ևս մերժել առաջարկվող բացասական փոփոխությունները և աջակցել նախագծի ընդունմանը իր նախնական տեսքով:
Տես նաև՝ ishr.ch