Սվետլանա Սարգսյանը՝ ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի
17:28, May 24, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննության շրջանակներում նշանակված հերթական դատական նիստը:
Ս. Սարգսյանի իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Ս. Սարգսյանը 2001 թվականի նոյեմբերի 1-ից ստացել է կերակրողին կորցնելու կենսաթոշակ իր որդու՝ Արցախյան պատերազմում անհայտ կորած համարվելու հիմքով, սակայն կենսաթոշակի գումարի վճարումը դադարեցվել է 2014 թվականի օգոստոս ամսից՝ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության կողմից տրված տեղեկանքի կեղծ լինելու հիմքով, և հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, և հաստատվել է Ս. Սարգսյանի որդու՝ անհայտ կորած լինելու հանգամանքը: Ս. Սարգսյանը դիմել է ՀՀ Զինվորական կոմիսարին՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակի տրամադրման իրավունքը վերականգնելու և նախկինում չվճարված գումարները տրամադրելու պահանջով, սակայն ստացել է մերժում, որը վիճարկվում է ՀՀ Վարչական դատարանում: