«Բժիշկների գործը» վճռաբեկը բեկանեց
14:14, June 24, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Լիա ՄիսակյանՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատում քիչ առաջ ավարտվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքի քննությունը՝ կապված «Արաբկիր» բժշկական կենտրոնում բժիշկներ Լիլիթ Վարդանյանի, Զարինե Այվազյանի պատժի հետ: Բողոքաբերը պահանջել էր բեկանել դատավճիռը, որով Լիլիթ Վարդանյանի նկատմամբ դատարանը 2 տարվա, իսկ Զարինե Այվազյանի նկատմամբ 2,5 տարվա ազատազրկում պատժաչափ էր կիրառել, սակայն մանկաբույժները շարունակում են աշխատել ԲԿ-ում: Տնօրենի կողմից տրված դրական բնութագրերը, ըստ տուժողի ներկայացուցիչների՝ արժանահավատ չէին: Բողոքաբերը պահանջում էր լրացուցիչ պատիժ կիրառել ազատազրկման ձեւով՝ ավելացնելով 1-ական տարի եւ 2 տարով զրկել նրանց մասնագիտական գործունեություն իրականացնելուց: Մանկաբույժների անփութության հետեւանքով մահացած Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանն ասաց, որ իրեն պատժի չափն է հետաքրքրում եւ որ պատիժը պետք է լինի արդարացված եւ պետք է լրացուցիչ պատիժ կիրառել:
Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ասաց, որ դեպքից անցել է 3 տարի, Զարինեն աշխատանքային գործունեության ընթացքում ամսական 4-5 անգամ հերթապահության է գնում, նրա կողմից չեն եղել բժշկական խախտումներ եւ դժգոհություններ: Նա փորձեց դատարանին ներկայացնել վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մասին բժշկուհու սերտիֆիկատները, սակայն վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն առարկեց, ասելով, որ վճռաբեկ դատարանին ապացույցներ չեն ներկայացվում: Դատարանը իրավապաշտպանների բողոքը բավարարեց եւ մանկաբույժների գործը՝ լրացուցիչ պատժի մասով ուղարկեց նոր քննության: