Ռուստամ Ղազարյանի գործով դատաքննությունը վերսկսվեց
11:34, November 24, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ2015թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված էր Ռուստամ Ղազարյանի կողմից ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի դեմ ներկայացված հայցով վճռի հրապարակումը:
Դատական նիստին, սակայն, նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի դրույթներով, հայտարարեց գործի դատաքննությունը վերսկսելու մասին: Մասնավորապես, Դատարանը նշեց, որ գործի դատաքննությունը վերսկսվում է Ռ. Ղազարյանի բողոքը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բավարարելուց հետո առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված գործը 2015թ. նոյեմբերի 13-ին իրեն մակագրվելու պատճառով:
2015թ. նոյեմբերի 23-ի դատական նիստին մասնակցում էր միայն հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Դատարանը նշեց, որ չնայած դատավարության կողմերին՝ Ռ. Ղազարյանին և պատասխանող ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ին, պատշաճ ծանուցել է դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն տեղեկություն չունի նրանց կողմից ծանուցումը ստանալու մասին, ուստի որոշեց հետաձգել դատական նիստը և նշանակել 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին՝ վերջիններիս գործի դատաքննությունը վերսկսելու մասին կայացված որոշման մասին հայտնելու նպատակով: Ռ. Ղազարյանի ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կայացվել է դեռևս 2015թ. հուլիսին, և Դատարանը բավարար ժամանակ է ունեցել իր վրա դրված պարտականությունները կատարելու համար:
Հիշեցնենք, որ Ռ. Ղազարյանի կողմից ներկայացված հայցադիմումը վերադարձվել էր ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանի կողմից՝ հայցադիմումին կցված փաստաթղթերը բնօրինակով ներկայացված չլինելու պատճառաբանությամբ: Սույն որոշման դեմ Ռ. Ղազարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան և, միաժամանակ, նպատակ ունենալով առավել սեղմ ժամկետում հասնել իր խախտված իրավունքների վերականգնմանը, «թերությունները» վերացնելուց հետո հայցադիմումը կրկին ներկայացնել էր դատարան: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հիմնավոր համարելով ներկայացված վերաքննիչ բողոքը, բավարարել էր այն և վերացրել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Արձանագրում ենք, որ դեռևս 2015թ. հուլիսի 30-ին կայացված և հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման ուժով ծագած պարտականությունների կատարումը ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սկսել է հիշյալ որոշման կայացումից շուրջ 4,5 ամիս անց՝ այդպիսով ձգձգելով Ռ. Ղազարյանի խախտված իրավունքների վերականգնման նպատակով ներկայացված հայցի լուծման գործընթացը:
Տես նաև՝ hcav.am