«Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի» գործով դատական նիստին հայցվոր կողմը չէր ներկայացել
16:29, January 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ժուլետա Ամարիկյան2016 թվականի հունվարի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվելու էին գործով ներգրավված վկաները:
Դատական նիստին ներկա էին պատասխանող կողմի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը և Կազմակերպության իրավաբանական բաժնի համակարգող Ա. Զալյանը:
Հայցվոր կողմը, պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէր ներկայացել դատական նիստին:
Նախագահող դատավոր Վ. Հովնանյանը հայտնեց, որ հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատական նիստը հետաձգելու հարցով: Ըստ ներկայացված միջնորդության՝ հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Է. Բադեմյանը և գործով ներգրավված վկաները առողջական խնդիրների և Երևան-Վանաձոր ավտոճանապարհի անանցանելիության պատճառով չեն կարող մասնակցել դատական նիստին:
Պատասխանող կողմը չառարկեց ներկայացված միջնորդությանը:
Դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2016 թվականի մարտի 2-ին՝ ժամը 10:00-ին:
Տես նաև՝ hcav.am