«Միայն այն, որ Պերմյակովը ՌԴ իրավապահ մարմինների հսկողության տակ է, Էական բացասական ազդեցություն ունի նախաքննության օբյեկտիվության առումով»
12:18, February 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մենք առաջին հերթին պահանջներ ենք ներկայացնում Քննչական կոմիտեին, հետո գլխավոր դատախազին՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարսի հոր՝ իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
Նա նաև մանրամասնեց, որ իրավահաջորդի ընտանիքում գործի օբյեկտիվության վերաբերյալ մտահոգություններ կան, բազմաթիվ անպատասխան հարցեր ու կասկածներ, որոնք միջնորդությունների ձևով ներկայացվելու են: «Գրություն ենք ներկայացրել, մասնավորապես, թե սահմանի խախտման կամ խախտման փորձի հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Ուզել ենք Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համաձայնագրի պատճենը և մի քանի հարց, որոնք կապված են փորձաքննությունների կատարման հետ, արվե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց նա:
«Շատ կարևոր է նաև հասկանալ՝ արդյոք Պերմայակովը մենա՞կ է գործել, թե՞ ոչ,- այդպիսի կասկածներ թե՛ Ավետիսյանների հարազատներն ունեն, թե՛ նաև ես,- այդ մասին բարձրաձայնել եմ մինչև տուժողի ներկայացուցիչ ներգրավելը, բայց իրավական առումով հիմնավորում դեռ չկա, նախաքննության ընթացքը, գործի մանրամասների պարզաբանումը կտա պատասխանը»,- ասաց Սաքունցը:
Անդրադառնալով այն հարցին, թե Արաքսյայի հայրը պատրաստվում է քաղաքացիական հայց ներկայացնել ՌԴ-ի դեմ ՝ նյութական պահանջի մասով, Արթուր Սաքունցն ասաց, որ դրա ժամանակը չէ, շատ շուտ է այդ մասին խոսելու համար: «Հիմա Արաքսյայի ընտանիքը մտածում է սպանդի պատճառները հասկանալու մասին, առաջին հերթին պիտի ի հայտ գան բուն հանցագործության չափերը, մոտիվները և մասնակիցները»,- նշեց նա:
Արթուր Սաքունցը նաև նկատեց, որ միայն այն, որ Պերմյակովը Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հսկողության տակ է գտնվում, էական բացասական ազդեցություն ունի նախաքննության արդյունավետության, օբյեկտիվության իրականացման վրա:
Աղբյուրը՝ 1in.am