Գայանե Առուստամյանի գործով բողոքի քննությունը կրկին հետաձգվեց
12:19, February 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Գայանե Առուստամյան2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Բողոքի քննությունը կայացավ բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցի, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Մ. Սարգսյանի, վարույթն իրականացրած ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի մասնակցությամբ:
Ա. Սաքունցը դիրքորոշում հայտնեց նախաքննության նյութերի վերաբերյալ, որոնց ծանոթանալու նպատակով հետաձգվել էր սույն գործով կայացած նախորդ դատական նիստը: Ա. Սաքունցը նշեց, որ նախաքննության նյութերում առկա են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում Գ. Առուստամյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը, որոնցից հստակ է, որ ոստիկանության աշխատակիցները Գ. Առուստամյանի նկատմամբ կիրառել են հատուկ միջոց՝ ձեռնաշղթա: Ա. Սաքունցը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը որևէ իրավական գնահատական չի տվել այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնաշղթաների կիրառումը և արդյոք նրանք, որպես պարեկապահակետային ծառայություն իրականացնող ոստիկաններ, իրավունք ունեին կրելու ձեռնաշղթա և կիրառելու այն: Ա. Սաքունցը վկայակոչեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի այն դրույթները, որոնք կարգավորում են հատուկ միջոց գործադրելու կարգը, նշելով, որ դրանցով սահմանված հիմքերը Գ. Առուստամյանի նկատմամբ վարչական ձերբակալում կիրառելիս առկա չեն եղել: Ա. Սաքունցը հիմնավորումներ ներկայացրեց նաև այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անհամաչափ գործողությունների արդյունքում Գ. Առուստամյանը ձեռք է բերել լուրջ առողջական խնդիրներ և այժմ բուժում է ստանում արտերկրում՝ հետտրավմատիկ դեպրեսիա ախտորոշմամբ: Ա. Սաքունցը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը գնահատական չի տվել առողջական խնդիրների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների միջև պատճառական կապի առկայությանը:
Այսպիսով, Ա. Սաքունցը պնդեց ներկայացված բողոքը և խնդրեց վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թ. օգոստոսի 8-ի որոշումն ու գործն ուղարկել նախաքննության:
Դատավոր Լ. Ավետիսյանը հարց ուղղեց Ա. Սաքունցին՝ ցանկանալով պարզել, թե ինչու Գ. Առուստամյանը ոստիկանության բաժնում չի հայտարարել իր նկատմամբ դրսևորված բռնությունների մասին: Ի պատասխան Ա. Սաքունցը հայտնեց, որ նախ Գ. Առուստամյանը բացատրության արձանագրության մեջ նշել է, որ հրաժարվում է բացատրություն տալ ֆաշիստական ռեժիմի սկզբունքներով իրեն առևանգած ոստիկանությանը, իսկ այնուհետև ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ոստիկանության բաժնի դիմաց հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝ բարձրաձայնելով կատարված մասին:
Բողոքի քննության վերաբերյալ նյութերի հրապարակումից հետո բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց վարույթն իրականացրած մարմինը: Վերջինս նշեց, որ նախաքննության նյութերի հիման վրա կատարված եզրահանգումները ներկայացված են իր կողմից կայացված՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ և բողոքում բարձրացված բոլոր փաստարկները վերլուծված են որոշմամբ: Նա նշեց, որ իր կողմից կատարել է բազմակողմանի, լիվ և օբյեկտիվ քննություն: Նախաքննության ընթացքում տրված ցուցմունքով Դ. Պիլիպոսյանը հայտնել է, որ Գ. Առուստամյանի նկատմամբ ձեռնաշթղա է կիրառվել, քանի որ վերջինս քաշքշել է իրեն, դիմադրել, նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև մյուս ոստիկանները: Նա նշեց նաև, որ Գ. Առուստամյանը ձերբակալվել է այն պատճառով, որ ի թիվս այլ հիմքերի, չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ: Ա. Թադևոսյանը նշեց նաև, որ դեպքի փաստերը հանգամանալից երևում են նաև գործում առկա տեսագրությամբ: Նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը կատարել է առավելագույնը՝ Ա. Թադևոսյանը խնդրեց մերժել ներկայացված բողոքը:
Ա. Սաքունցը հայտարարություն կատարեց այն մասին, որ քննիչը գործի նյութերը միակողմանի է ներկայացնում: Մասնավորապես, նա հղում կատարեց գործում առկա ոստիկանության աշխատակից Նարեկ Ազարյանի բացատրությանը, որում վերջինս հայտնել էր, որ Գ. Առուստամյանն իրեն չի հարվածել և բռնություն չի կիրառել:
Նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազ Մ. Սարգսյանը նշեց, որ նախաքննության մարմնի կողմից պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ դատախազի կողմից կայացված որոշմամբ անդրադարձ է կատարվել ինչպես ձեռնաշղթայի, այնպես էլ վարչական ձերբակալման իրավաչափության հարցերին: Նա անդրադարձավ նաև Ա. Սաքունցի կողմից դատարան ներկայացված Գ. Առուստամյանի հոգեբանական հետազոտությանը, նշելով, որ այն ձեռք է բերվել քրեական գործի վարույթը կարճելուց հետո և չի կարող դրվել բողոքի հիմնավորումների հիմքում:
Ա. Սաքունցը կրկին հայտարարություն կատարեց այն մասին, որ տուժող կողմը սեփական միջոցներով է կատարել Գ. Առուստամյանի հոգեբանական վիճակի հետազոտություն, քանի որ դա նախաքննության ընթացքում չի կատարվել վարույթն իրականացնող մարմնի կողմից: Միաժամանակ, Ա. Սաքունցը հետևություն կատարեց, որ պետությունը պատշաճ ջանքեր չի գործադրել ոստիկանների գործողություններին իրավական գնահատական տալու համար:
Դատարանի՝ այլ նիստերով ծանրաբեռնվածության պատճառով սույն բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. մարտի 17-ին, ժամը 10:30-ին:
Տես նաև` www.aravot.am