Հայաստանը Կրեմլի կայսերապաշտական քաղաքականության համար օգտագործվում է որպես մանրադրամ. Ա.Սաքունց
10:16, May 26, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՏՄՕրերս ռուսական կողմից հնչեց հայտարարություն, թե Ռուսաստանը Ադրբեջանին 100 Т-90С տանկ է մատակարարել և հնարավոր է, որ նույն ծավալի ևս մեկ խմբաքանակ ուղարկվի Բաքու: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշատակում է ՀՀ-ում ՌԴ դեսպանի կողմից արված այն հայտարարությունը, թե Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերություններում փորձում են սեպ խրել հասարակական այն կազմակերպությունները, որոնք դրսից են ֆինանսավորվում, ու նշեց, թե այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք մատակարարում մի երկրի, որը թշնամական հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ:
«ՌԴ-ն այն երկիրն է, որը չի ստորագրել ԵԱՀԿ-ի սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագիրը, իսկ ես ասեմ, որ այդ պայմանագիրը Սովետական Միության փլուզման վերջին տարիներին էր ստեղծվել, եւ ըստ այդ պայմանագրի՝ նաեւ հարավային Կովկասում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին որոշակի չափաքանակներ էին սահմանվում: Պետք է ասեմ, որ այդ պայմանագիրը չի ստորագրել նաեւ ԱՄՆ-ն, բայց պայմանագրի ոգու համաձայն՝ պետք է որ այն տարածաշրջաններում, որտեղ կային այդ սովորական սպառազինությունների սահմանափակման մասին ենթադրվելիք համաձայնության մասին տվյալները, պետք է չխախտվեին, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ կա զինված հակամարտություն կամ հակամարտության վտանգ, ընդհանրապես պետք էր զերծ մնալ այդ տարածաշրջաններում զենքի մատակարարումից՝ առեւտրից: Հիմա տարածաշրջանում որպես զենքի հիմնական մատակարարող հանդես է գալիս ՌԴ-ն, այսինքն զենք մատակարարում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Հայաստանին, եւ «բաժանիր, որ տիրես» այդ սկզբունքը ամենալավը կիրառում է ՌԴ-ն»,- նշեց Արթուր Սաքունցը:
Քաջ գիտակցելով, որ տարածաշրջանում կա սառեցված հակամարտություն եւ Ղարաբաղյան չլուծված հիմնահարց, Ռուսաստանը զենք մատակարարում է թե Հայաստանին եւ թե Ադրբեջանին՝ այդպիսով իր հսկողության տակ պահելով ընդհանուր իրավիճակը: «Այնպիսի գործողություններ է կատարում, որը մեծացնում է կոնֆլիկտի ռազմական կոմպոնենտը եւ ոչ թե նվազեցնում նրա դերը, որովհետեւ զենքի կուտակումը պետք է անպայման դրսեւորվի զենքի կիրառմամբ: Իսկ զենքի մեծաքանակ կիրառման դեպքում հետեւանքները անպատկերացնելի կլինի: Համարվում է Կրեմլի կայսերապաշտական քաղաքականության շարունակությունը, եւ այդ քաղաքականությունը խոչընդոտող այն գործոնները, որոնք ըստ էության բացահայտում են այդ քաղաքականության բուն էությունը, Կրեմլը պետք է փորձի չեզոքացնել այդ գործոնները: Կայսերապաշտական քաղաքականության հիմքում ընկած է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը, իսկ բաժանելու եւ հրահրելու մեթոդը մշտապես կիրառվել է բոլոր ժամանակներում»,- գտնում է Արթուր Սաքունցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Կրեմլի քաղաքականության մեջ մեկ այլ վտանգ էլ է տեսնում. «Ըստ էության, ՌԴ վերջին տարիներին փոխել է իր վարքագիծը, եւ էդ վարքագծի էությունը ամբողջովին կարելի է մեկ բառով գնահատել. դա՝ ոչնչացնել ամբողջ աշխարհակարգը, որը ձեւավորվել էր քսան տարիների ընթացքում»: Ո՞րն է լինելու այս պարագայում հայաստանյան կողմի դիրքորոշումը, եւ մեր զրուցակցի կարծիքով մեր երկրի իշխանությունները որեւէ կերպ կարձագանքե՞ն Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինությանը: «ՀՀ դե յուրե իշխանություններն իրենք ամբողջ որոշումների փաթեթը եւ գործիքները հանձնեցին Կրեմլին, հետեւաբար այն հարցերը կամ այն խնդիրները, որոնց վերաբերյալ որոշումները վերաբերում են Հայաստանի շահերին, նաեւ այդ որոշումների ընդունմանը ՀՀ իշխանությունները մասնակից չեն դառնում: Խնդրի լուծման լիազորությունը հանձնել են Կրեմլին ու սպասում են, թե ինչ կորոշի, սա ոչ միայն Եվրասիական միությանն անդամակցելու գործընթացին, այլ նաեւ միջազգային այլ հարթակներում, որտեղ երբ որ Հայաստանը փորձում է ներկայանալ, ապա Հայաստանի խնդիրները ներկայացնողի լիազորություններ ունեցողի չեն դիտարկում, ու սպասում են, թե Կրեմլը ինչ կասի, որովհետեւ մեր իշխանությունների մոտեցումները այլեւս վստահություն չեն ներշնչում մյուս պարտնյորների մոտ, որովհետեւ գիտեն, որ Կրեմլի հրահանգների հիման վրա կարող է այդ դիրքորոշումը փոխվել: Կարող ենք ասել, որ սա այնպիսի մի վտանգավոր վիճակ է, որ կենսական նշանակություն ունեցող գործընթացներում ՀՀ-ն ներկայացված չէ: Դրա համար ձայն չեն հանում, զրկված են դրանից: Հայաստանի ներկայացուցիչների այդ անողնաշար, թույլիկ պահվածքի հետեւանքով մենք օգտագործվելու ենք Կրեմլի կայսերապաշտական քաղաքականության համար, որպես մանրադրամ, եւ սա շատ տխուր իրավիճակ է, եւ կարող եմ ասել՝ ՀՀ-ն, հանձինս այս իշխանությունների, հանդես է գալիս էնպիսի մի կարգավիճակում, որը կոչվում է հայկական համայնք ՌԴ տարածքում»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ galatv.am