ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվեց Խուդոյանների գործով դատաքննությունը
13:29, May 26, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2014 թ. մայիսի 22-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության առնվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Հ. Ռ. Հարությունյանի 03.03.2014թ. որոշումը վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու պահանջների մասին համատեղ դիմումը:
Սույն դիմումով վիճարկվում է 2013 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց նստացույց կազմակերպած Աշոտ Խուդոյանին, Հեղինե Մակարյանին ու նրանց անչափահաս երեխաներին ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ հեռացնելու, նրանց բնակարան անօրինական կարգով մուտք գործելու, բջջային հեռախոսի և 20.000 ՀՀ դրամ գումարի անհետացման վերաբերյալ ներկայացված հանցագործության հաղորդման հիման վրա կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերի 2-ին խուդոյանների ընտանիքը ՀՀ նախագահական նստավայրի դիմացից հեռացվել էր 06:15-ի սահմաններում՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի պատճառով՝ առանձին մեքենաներով և այնուհետև շուրջ մեկ օր գտնվել ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ:
Դատաքննությանը ներկայացել էր ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ Ա. Շահբազյանը, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացվել էր գրություն այն մասին, որ վարույթն իրականացրած Հ. Ռ. Հարությունյանը ազատվել է աշխատանքից, և աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չէ ապահովել այլ ներկայացուցչի մասնակցությունը: Դատարանը գտավ, որ վարույթն իրականացրած մարմնի բացակայությունը չի խոչընդոտում դիմումի քննությանը, քանի որ վերահսկողություն իրականացրած դատախազը մասնակցում է դիմումի քննությանը:
Դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ով նաև միաժամանակ հանդիսանում է Հեղինե Մակարյանի ներկայացուցիչը, ներկայացրեց դիմումը, որով ներկայացվել էին վարույթն իրականացրած մարմնի ոչ պատշաճ քննության վերաբերյալ հստակ հիմնավորումներ և մի շարք հանգամանքներ, որոնց գնահատական չէր տրվել գործի մինչդատական վարույթի ընթացքում:
Դատախազ Ա. Շահբազյանը ներկայացրեց իր առարկությունները, որով հայտնեց, որ նոյեմբերի 28-ին նստացույցի մեջ գտնված Աշոտ Խուդոյանը և Հեղինե Մակարյանը համաձայնվել են մեկ օրով լքել նստացույցի վայրը, խնդրել ոստիկանության աշխատակիցներին իրենց տեղափոխել քաղաք Վաղարշապատ՝ գումար չունենալու պատճառով: Ըստ Ա. Շահբազյանի՝ նյութերով հիմնավորվել է, որ Խուդոյանների ընտանիքի նկատմամբ բռնություն չի գործադրվել, իսկ դիմումատուների կողմից վկայակոչված տեսաձայնագրությունը նայելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ Աշոտ Խուդոյանի կողմից ստացված վնասվածքների առթիվ կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, որով ստացված վնասվածքների վաղեմությունը որոշել հնարավոր չի եղել:
Ա.Շահբազյանը հայտնեց, որ Ա.Խուդոյանին պատկանող բջջային հեռախոսը գտնվել և վերադարձվել է, իսկ 20.000 ՀՀ դրամ գումարի կորստի համար քրեական գործ չեն կարող հարուցել, և եթե Խուդոյանները գտնում են, որ տեղի է ունեցել հափշտակություն, կարող են սահմանված կարգով դիմել իրավապահ մարմիններին:
Անօրինական կարգով Խուդոյանների տուն մուտք գործելու վերաբերյալ վերահսկող դատախազ Ա. Շահբազյանը հայտնեց, որ այդ հանգամանքը նյութերում չի եղել, իսկ հարևաններն ասել են, որ Խուդոյաններն ազատ տեղաշարժվել են:
Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ ներառված ոստիկանության աշխատակիցների բացատրություններում հայտնվել է նաև այդ օրերին հիշյալ տարածքը ռեժիմային անվտանգության գոտի համարվելու, ինչպես նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված այն տվյալների մասին, որ Աշոտ Խուդոյանը պատրաստվել է ինքնավնասումներ կատարել, հրկիզել կնոջը և երեխաներին:
Դիմումատուների կողմից այս առնչությամբ առաջադրված հարցերին ի պատասխան դատախազ Ա. Շահբազյանը հայտնեց, որ դրանց չեն անդրադարձել, քանի որ
բռնություն չի եղել, եթե բռնություն գործադրված լիներ, այդ դեպքում անհրաժեշտ կլիներ հիմնավորել՝ արդյոք դա օրինական է եղել, թե ոչ:
Դիմումում ներկայացվել էին պնդումներ նաև դատախազության անգործության վերաբերյալ, մասնավորապես այն առնչությամբ, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված դիմում-բողոքը դատախազությունում չէր քննարկվել, քանի որ այդ որոշումը չէր շոշափել նախագահ Ա. Սաքունցի իրավունքները և շահերը:
Իր առարկություններում ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ Ա. Շահբազյանը հայտնեց, որ կազմակերպության հանցագործության մասին հաղորդումը դիտվել է որպես ահազանգ, որի հիման վրա հետագայում հանցագործության հաղորդում է վերցվել Հեղինե Մակարյանից:
Դատական նիստի ընթացքում, ներկայացնելով իր առարկությունները, դատախազության աշխատակիցը ամեն կերպ փորձում էր համոզել դատարանին, որ խուդոյանները նստացույցի վայրում մոռացել են իրենց ութ ամսական որդուն քնաթաթախ լինելու պատճառով, իսկ բոլոր իրերը, այդ թվում նաև՝ կոշիկները թողել են, քանի որ հայտնել են, որ հաջորդ օրը կրկին վերադառնալու են նստացույցի վայր:
Այսքանով, դատական նիստը հետաձգվեց, քանի որ Ա. Շահբազյանը նյութերը վերանայելու կարիք ուներ, իսկ դիմումատու կողմը միջնորդություն ներկայացրեց գործի նյութերը ստանալու պահանջով:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թ. հունիսի 3-ին, ժամը 10:00-ին: