«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի գործով նախաքննությունն ընթացքի մեջ է
10:30, May 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, Կյանքի իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2015 թ. ապրիլի 27-ին մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունը:
«Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալը 2015 թ. ապրիլի 20-ին ինքնավնասում է իրականացրել, որից չորս օր անց միայն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ երեք օր անց մահացել է:
Երբ մահացած դատապարտյալի հայրը դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ Ս. Գևորգյանին՝ տուժող, իսկ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցով, տեղեկացվել է, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա 2015 թ. մայիսի 7-ին կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, որը տուժողի իրավահաջորդի կողմից բողոքարկվել է վերոնշյալ որոշման ոչ բավարար չափով պատճառաբանված լինելու հիմքով, մասնավորապես՝ նշվել է, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ ուշադրություն չի դարձրել դատապարտյալի կողմից ինքնավնասում կատարելուց առաջ վերջինիս վիճակին և դրանից հետո նրան տրամադրված բժշկական օգնությանը:
Բողոքը բավարարվել է, և հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), որի շրջանակներում Սերոբ Գևորգյանի հայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի համաձայն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն, թույլ են տրվել մի շարք խախտումներ:
Տ. Սիրադեղյանի կողմից, ի թիվս նախաքննության ընթացքում ներկայացված այլ միջնորդությունների, միջնորդություն է ներկայացվել նաև նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի փորձագետին հարցաքննելու և հարցաքննությանը տուժող կողմին մասնակից դարձնելու վերաբերյալ:
Միջնորդությունը բավարարվել է:
Տես նաև՝ epress.am