Զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալն ու պաշտպանները դատարան չէին ներկայացել. նիստը հետաձգվեց
10:58, May 25, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. մայիսի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով հերթական դատական նիստն էր նշանակված:
Գևորգ Խաչատրյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Ամբաստանյալ Մ. Ոսկանյանը, վերջինիս և Հ․ Մուրադյանի պաշտպան Կարեն Բարսեղյանը, և ամբաստանյալ Հ․ Մուրադյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը դատարան չէին ներկայացել:
Հ․ Մուրադյանն իր պաշտպանի բացակայության պատճառների մասին տեղեկություն չուներ:
Մեղադրող Ս. Խաչատրյանն էլ հայտնեց, որ Մ․ Ոսկանյանի պաշտպան Կ․ Բարսեղյանն առավոտյան 08։30-ի սահմաններում զանգահարել է իրեն և հայտնել, որ Մ․ Ոսկանյանը գիշերը վատ է զգացել, տեղափոխվել է հիվանդանոց և չի կարող ներկայանալ դատական նիստին։
Նախագահող դատավոր Ն․ Օհանյանը հայտնեց, որ տեղյակ է Մ․ Ոսկանյանի վատառողջ լինելու մասին:
Իսկ պաշտպաններ Ս․ Սաֆարյանի և Կ․ Բարսեղյանի դատարան չներկայանալը որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ և նշեց, որ հետագայում նման վարքագիծ դրսևորելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի դատական սանկցիա։
Ամբաստանյալի և պաշտպանների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2018 թ․ հունիսի 8-ին՝ ժամը 11։00-ին։