Ավետիսյանների սպանության գործը բացահայտված չէ
11:35, August 25, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքՀայաստանն ի սկզբանե հնարավորություն չի ունեցել հսկողություն իրականացնել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող անձի ու նրա ղեկավարության նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա և փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր հայտարարեցին, որ ուզում են հստակեցնել՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազաի զինծառայող Վալերի Պերմյակովը երբեք էլ հանձնված չի եղել հայկական կողմին: Այնպես որ, այս օրերին արհեստական է այն հարցադրումը, թե հայաստանյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Պերմյակովը որտեղ պետք է կրի պատիժը:
Ըստ Սաքունցի՝ Պերմյակովի նկատմամբ ՀՀ դատարանի կողմից խափանման միջոց չի կիրառվել: Երբ նա ի սկզբանե չհանձնվեց հայկական կողմին, այլ գտնվեց ռուսական ռազմաբազայի տարածքում, սա ևս կարևոր հանգմանք է փաստելու, որ այս դատավարությունը չէր կարող օբյեկտիվ լինել:
“Անձը գտնվում էր այն անձանց հսկողության ներքո, ովքեր նույնպես ունեն իրենց մեղքի բաժինը տեղի ունեցածում, ո՞նց կարող ենք համարել, որ արդարադատություն է եղել: Պերմյակովը կարող է ազատ տեղափոխվել Ռուսաստան, և Հայաստանը ոչինչ անել չի կարող: Իհարկե, եթե մի քիչ թասիբ ունենան, կարող են սանկցիաներ կիրառել: Այս դեպքը խոսում է այն մասին, որ ՀՀ իրավական ու դատական համակարգը սահամանափակված է ՌԴ ապօրինի գործողություններով, և ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն անում դա շտկելու ուղղությամբ”,- ասաց իրավապաշտպանը:
Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ ուզում է թյուրիմացություն չլինի՝ Պերմյակովն ի սկզբանե չի հանձնվել ՀՀ-ին: Բանակցությունների արդյունքում գործը հանձնվել է հայկական կողմին, բայց ոչ Պերմյակովը: Հետևաբար, ըստ փաստաբանի, իրավական առումով միամտություն կլինի կարծել, որ եթե նախաքննության ու դատավարության փուլում հանցագործը չի հանձնվել հայկական կողմին, պատիժը կրելու փուլում կարող է հանձնվել: Հարցը կարգավորվելու է երկու երկրների միջև ձեռք բերվելիք իրավական փաստաթղթերով:
Արթուր Սաքունցը միաժամանակ ասաց, որ Ավետիսյանների ընտաիքի սպանության գործը բացահայտված չէ:
“Միայն մեկ Պերմյակովով չեմ համարում, որ հանցագործությունը բացահայտված է: Եվ վտանգը, որ ռուսական բազայից կարող են դարձյալ նման ոտնձգություններ լինել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, շարունակում է մնալ, որովհետև չկա օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն: Ես հիմնավոր չեմ համարում այն շարժառիթը, որը ձևակերպվել է նախաքննության մարմնի կողմից, որ 6000 դրամի համար նա մտել է Ավետիսյանների տուն՝ Թուրքիայով Ռուսաստան գնալու համար ու սպանել մարդկանց: Իսկ դրա բացակայության պարագայում չենք կարող հանցագործությունը բացահայտված համարել”,- ասաց Արթուր Սաքունցը:
Տես նաև՝ 1in.am