ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանատվություն է կրում ազատազրկված անձի անվտանգության համար
10:38, September 25, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացած ահանզանգի հետքերով պարզել է, որ ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցը շարունակաբար ճնշումներ է գործադրել դատապարտյալ Կ. Ս.-ի նկատմամբ և վերջինիս խոսքերով, սպառնացել է ՙԳործ սարքել գլխին՚: Նախկինում էլ նույն աշխատակիցը բազմիցս հորդորել է Կ. Ս.-ին կեղծ ցուցմունքներ տալ՝ ընդունելով իրեն վերագրվող մեղադրանքները, փորձել ՙվարչական տույժ՚ ձևակերպմամբ ապօրինաբար գումար բռնագանձել նրանից: Ինչպես դատապարտյալն է պնդում, ՔԿՀ աշխատակցի գործելաոճը պայմանավորված է նոր պաշտոն ձեռք բերելու հավակնությամբ:
Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարությանն ուղղված գրությամբ դիմել էր դատապարտյալ Կ. Ս.-ին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցով՝ դատապարտյալի նկատմամբ հնարավոր ճնշումները կասեցնելու նպատակով: Չնայած դիտորդական խմբի հիմնավոր մտահոգությանը՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը այդպես էլ որևէ գործողություն չի ձեռնարկել դատապարտյալի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Սրա տրամաբանական շարունակությունը, իհարկե, եղավ այն, որ դատապարտյալը հրաժարվեց իր ներկայացրած բողոքից (այդ մասին վերջինս հայտնել էր փաստաբան Ա. Սուքիասյանի հետ հանդիպման ժամանակ): Վերը բերված փաստերը իրավունք են տալիս ենթադրելու, որ դատապարտյալի` բողոքից հրաժարվելու քայլը պայմանավորված է նրա նկատմամբ ճնշումներով:
Հավելենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն գործով ձեռք բերված փաստերի հիման վրա ավելի վաղ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որի կողմից սակայն մինչ օրս որևէ գործողություն չի կատարվել։
Փաստորեն, ՀՀ Արդարադատության նախարարությունը և ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ վարչակազմն ու աշխատակիցները իրենց գործողություններով ոչ միայն ոտնահարում են դատապարտյալի իրավունքները, այլև ստիպում են նրանց հրաժարվել իրենց իրավունքների պաշտպանությունից։ Հաշվի առնելով դատապարտյալ անձի խոցելիությունը՝ ՀՔԾ-ի ոչ օպերատիվ արձագանքը նույնպես մտահոգիչ է։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խորապես անհանգստացած է ստեղծված իրավիճակով, քանզի դատապարտյալը շարունակում է մնալ իր համար վտանգավոր միջավայրում, իսկ նրա անվտանգության անմիջական պատասխանատուն ՀՀ Արդարադատության նախարարությունն է։