ՀՀ-ում դատապարտյալների մահվան հանգամանքները շարունակում են մնալ չբացահայտված
19:41, November 25, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք, Սոցիալական իրավունքներ | Ոստիկանություն, Քրեակատարողական հիմնարկներ2014 թ. նոյեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության հարցով դիմում է ներկայացրել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Մարտիկի Բաղդասարյանի կինը Աննա Սահակյան:
Ինչպես հայտնել է Ա. Սահակյանը, 2014թ. սեպտեմբերի 11-ին «Արթիկ» ՔԿՀ-ում երկարատև տեսակցության ժամանակ ինքը հանդիպել է ամուսնուն, վերջինիս առողջական վիճակը եղել է անկայուն, նրա որովայնը բնականից անհամեմատ ուռած է եղել և նա բողոքել է սուր ցավերից: Տեսնելով, որ ամուսնու առողջական վիճակը գնալով վատանում է ՔԿՀ-ի պետին խնդրել է համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխեն ամուսնուն:
2014թ. սեպտեմբերի 11-ին ժամը 18:00-ի սահմաններում Ա. Բաղդասարյանին տեղափոխել են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի դատապարտյալների հիվանդանոց: 2014թ. սեպտեմբերի 12-ին Ա. Սահակյանը այցելել է դատապարտյալների հիվանդանոց, սակայն նրան թույլ չեն տվել հանդիպել ամուսնուն, որոշ ժամանակ անց նա տեղեկացել է, որ ամուսնուն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ Ա. Սահակյանի, Էրեբունի բժշկական կենտրոն այցելելով ամուսնուն տեսել է միջանցքում սայլակի վրա պառկած:Այդ պահին ամուսնու որովայնն անբողջությամբ իջած է եղել և ամուսինը հայտնել է, որ արդեն իրեն լավ է զգում: Էրեբունի բժշկական կենտրոնում նա ենթարկվել է հետազոտությունների և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:
2014թ. սեպտեմբերի 13-ին Ա. Սահակյանը հանդիպել է ամուսնուն վերակենդանացման բաժանմունքում: Ըստ Ա. Սահակյանի ամուսինը իրեն լավ է զգացել, որից հետո հանդիպել է բժիշկներին, ովքեր հայտնել են, որ վիճակը ծանր է, իսկ կոնկրետ թե առողջական ինչ խնդիրներ ունի չեն պատասխանել: Բժիշկների կողմից հայտնած ախտորոշումը տարաբնույթ է եղել՝ մեկը հայտնել է, որ կերակրափողի ճաքեր ունի, որից արյունահոսում է, մյուսը հայտնել, որ աղիքային արյունահոսություն ունի, իսկ երբ մտել է բաժնի պետի մոտ նա հայտնել է, որ Ա. Բաղդասարյանի մոտ լյարդի ցեռոզ է:
2014թ. սեպտեմբերի 14-ին, 15-ի և 16-ին Ա. Սահակյանը կրկին հանդիպել է ամուսնուն: Սեպտեմբերի 16-ին ժամը 12:00-ի սահմաններում ամուսնու որովայնը այնքան է ուռած եղել, որ դուրս է ցցվել կրծքավանդակի տակից: Այդ ընթացքում նա զգացել է թթվածնի քաղց՝ ուռածությունը թույլ չի տվել բավարար թթվածնի ներթափանցումը օրգանիզմ:
Ըստ Ա. Սահակյանի 2014թ. սեպտեմբերի 16-ին ժամը 20:00-ի սահմաններում նա լսել է ամուսնու բղավոցը «մեռա վայ մեռա, օգնեցեք ինձ, մամ ջան մեռա», տվյալ ժամանակահատվածում ցավերի սուր ազդեցության տակ դուրս է եկել միջանցք և խնդրել օգնություն, որից հետո Ա. Բաղդասարյանին անմիջապես տարել են վերակենդանացման բաժանմունք՝ կպչուն ժապավենով (Scotch-ով) կապել ձեռքերը ինչ որ բան ներարկել, որից հետո ձայնը կտրուկ կտրվել է: Ժամը 20:00-ից մինչ կես գիշեր նրան թույլ չեն տվել տեսնի ամուսնուն, ժամը 12:00-ի սահմաններում նրան հաջողվել է մտնել վերակենդանացման բաժանմունք, որտեղ ամուսնուն տեսել է մահացած վիճակում:
2014թ. նոյեմբերի 17-ին ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժնի տեսուչ Վ. Մելքոնյանի զանգով Ա. Սահակյանը տեղեկացել է, որ ամուսնու մահվան փաստի շուրջ իրականացող քննությունն ավարտվել է և կարող է վերցնել կայացված որոշումը:
Ըստ Ա. Սահակյանի կատարված նախաքնությամբ չի ձեռնարկվել համապատասխան միջոցներ պարզելու համար ամուսնու իրական մահվան հանգամանքները, չեն հարցաքննվել Էրեբունի բժշկական կենտրոնի անձնակազմը, չի հարցաքննվել ամուսնու մայրը, տուժողի իրավահաջորդին մասնակից չի դարձրել նշանակված դատաբժկական փորձաքննությանը և այլ խախտումներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիմք ընդունելով ՀՀ պատասխանատվությունը իր իրավազորության տակ գտնվող ազատազրկված անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը և նման դեպքերի արդյունավետ քննության պետության պարտականությունը, ՀՀ գլխավոր դատախազության ուշադրություն է հրավիրում Ա. Սահակյանի վերը նկարագրված խնդրին և պահանջում է համապատասխան միջոցներ ձեռնարկել նկարագրված խախտումնները վերացնելու և հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունը իսպառ բացառելու պահանջով: