«Վանաձորի իրավաբանական կլինիկա-3» ծրագրի մասնակիցները հաջողությամբ ներկայացրին դատախաղը
11:50, November 25, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ֆինանսավորմամբ իրականացվում է «Վանաձորի իրավաբանական կլինիկա-3» ծրագիրը, որի շրջանակներում առաջին անգամ նախատեսված էր նաև դատախաղ:
2015թ. նոյեմբերի 21-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատախաղն իրականացվում էր քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով:
Ծրագրի մասնակիցները, որ նախապես բաժանվել էին խմբերի, հանդես եկան որպես դատավարության տարբեր կողմեր: Մի խումբը հանդես եկավ մեղադրող դատախազների և ամբաստանյալի դերում, մյուս խումբը՝ պաշտպանների, վկաների և տուժողի դերում: Նախագահող դատավորի դերում հանդես եկավ փաստաբան Հայկ Ալումյանը՝ Ամերիկյան փաստաբանների ընկերակցության հրավերով:
Քրեական դատավարության օրենսգրքի նորմերին համապատասխան՝ դատարանը հայտարարեց գործի քննությունը բացված:
Ներկայացվեց քննությանը ներկա անձանց մասին, սկսվեց գործի քննությունը: Դատաքննության մասնակիցների կարծիքը հաշվի առնելով՝ որոշվեց ապացույցների հետազոտման հերթականությունը: Մինչև դատական քննությունը սկսելը՝ գործով մասնակից փաստաբանները ներկայացրին միջնորդություններ, որոնցից մեկը վերաբերում էր ամբաստանյալին կալանքից ազատելուն: Այնուհետև հարցաքննվեցին վկաները, ցուցմունք տվեց տուժողը, հետազոտվեցին ապացույցները:
Դատաքննության ավարտին կողմերը հանդես եկան ավարտական ճառերով: Ամբաստանյալին տրվեց վերջին խոսքի հնարավորություն, ապա դատարանը հեռացավ դատավճիռ կայացնելու:
Դատախաղի ավարտին մասնակիցներն ստացան դատախաղին մասնակցության մասին հավաստող վկայագրեր:
Մասնակիցներից ամենակատիվները կանցնեն 2-րդ փուլ, որի ժամանակ արդեն կմրցեն Գյումրիի թիմի հետ: