Լրատվամիջոցներին հեռացրին կոռուպցիայի դեմ պայքարի քննարկումից. Իրավապաշտպանը դա քաղաքական կամքի բացակայություն է համարում
19:23, November 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«ՀՀ քաղաքացին անընդհատ իր մաշկը չպիտի փորձության ենթարկի ամեն մի նախարարի կամ կառարավության փոփոխության ընթացքում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը` արձագանքելով այսօր կոռուպցիայի թեմայով քննարկմանը Արդարադատության նախարարի հնչեցրած այն հայտարարությանը, թե հասարակ քաղաքացին շուտով իր մաշկի վրա է զգալու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները:
Իրավապաշտպանը հիշեցրեց, որ սեպտեմբերին Կառավարության հաստատած հակակոռուպցիոն ռազմավարությունն արդեն երրորդն է ՀՀ-ում:
«Սա երրորդ հակակոռուպցիոն ծրագիրն է, որտե՞ղ են նախորդ երկուսի գնահատականները, արդյունքների վերլուծությունը: Անձերն են փոխվել և ամեն նոր կառավարություն գալիս ու իր հակակոռուպցիոն ծրագիրն է ներկայացնում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ներկայում գործող կառավարության քաղաքական կամքի մասին հայտարարություններին, Արթուր Սաքունցը հետևյալ դիտարկումն արեց. «Այն, որ հենց հիմա լրատվամիջոցներին հեռացրին հետագա քննարկումից, դա վկայում է քաղաքական կամքի բացակայության մասին: Կոռուպցիան չի կարող համարվել պետական գաղտնիք, ծառայողական գաղտնիք կամ որևէ այլ գաղտնիք»: Իրավապաշտպանը կասկած հայտնեց, որ եթե քննարկումը փակ դռների հետևում է անցկացվում, ապա իշխանությունները ժողովրդից թաքցնելու բան ունեն:
Նշենք, որ այսօր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներույմ դոնոր կազմակերպույունների հետ քննարկմանը, որին մասնակցում էին նաև Արդարադատության նախարարը, փոխնախարարն ու ԵՄ դեսպանը, վերջիններիս ելույթներից հետո միջոցառման կազմակերպիչները լրագրողներին դուրս հրավիրեցին սրահից` նշելով, որ հարց ու պատասխանը փակ է լինելու լրագրողների համար:
Ի դեպ, այս միջադեպից ու իր բողոքն արտահայտելուց հետո Արթուր Սաքունցը նույնպես հայտարարեց, որ լքելու է հանդիպումն ու չի մասնակցելու դրա հետագա ընթացքին:
Իսկ լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով, իր տեսակետը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի վերաբերյալ նշեց, որ առանցքայինը պետք է դառնա շահերի բախումը բացառող օրենսդրության մշակումը:
«Կմշակվի ՀՀ օրենք՝ շահերի բախման կանխման, բացառման կամ կասեցման վերաբերյալ, դա է կոռուպցիայի դեմ պայքարի սահմանադրությունը»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է պետական համակարգի կամքին, իրավապաշտպանը միայն մեկ օրինակ բերեց` ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության կազմի մեջ ներառելը:
«Ֆինանսների նախարարը չպետք է դառնա ՊԵԿ նախագահը, որ իր ողջ կյանքը զբաղվել է ֆինանսների հավաքագրմամբ: ֆինանսների կառավարումը միայն հավաքագրումը չէ, նաև բաշխելն է` ըստ քաղաքական առաջնահերթությունների: Կառավարության կառուցվածքը համապատասխանեցնում են անձին, սա կոռուպցիոն ռիսկ չէ՞»,- լրագրողների հետ զրույցում հարցադրում արեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ pastinfo.am