Փոփոխությունները լինելու են, ի հեճուկս Սերժ Սարգսյանի, պարզապես այդ քայլերը կարող են լինել անկանխատեսելի
12:42, December 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին նշել է, որ ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է միայն Հայաստանի Հանրապետությանը։ Ի՞նչ մեսիջներ կային Սերժ Սարգսյանի այս ելույթում, և կարո՞ղ ենք ասել, որ այստեղ նաև ակնարկ կար «Սասնա ծռերին»։
Սերժ Սարգսյանը, փաստորեն, հերթական հանդիպումն անցկացրեց իրավապահ մարմիններից մեկի հետ։ Հիշենք, որ նա արդեն հանդիպումներ ու ելույթներ ունեցել է գլխավոր դատախազության, Քննչական ծառայության, ոստիկանության հետ և ակնկալելի էր, որ պետք է հանդիպի նաև ԱԱԾ-ի աշխատակիցների հետ։ Իհարկե, ձևական պատրվակն իրենց տոնն է, բայց պետք է արձանագրել, որ այս հանդիպումների շքերթը ավելի շատ հստակ ուղերձներ են այդ կառույցներին՝ 2018 թվականին նախագահական ժամկետի ավարտի և վարչապետական պաշտոնի անցնելու հետ կապված։ Այդ հանդիպումները մեկ նպատակ են հետապնդում՝ ցույց տալու, թե ով է իրադրության իրական տերը և նաև արձանագրելու, որ եղած կառույցներն ինչ խնդիրներ պետք է լուծեն։ Այսինքն՝ դրանք մեկ գլխավոր նպատակ են հետապնդում՝ ապահովել Սերժ Սարգսյանի անցնցում անցումը նախագահի պաշտոնից վարչապետի պաշտոնին։
Մեկ ուշագրավ հանգամանք պետք է արձանագրել, որ որևէ մարմնի հետ հանդիպման ժամանակ մենք չենք լսել հանրության առջև իշխանության պատասխանատվության մասին։ Մարդու իրավունք, իրավունքի գերակայություն հասկացողություն, օրենքի առջև հավասար պատասխանատվություն հասկացությունները Սերժ Սարգսյանի որևէ ուղերձում չեն ներառվել։ Երբ նա խոսում է ժողովրդի անվտանգության, կոռուպցիայի կամ հանցավորության դեմ պայքարի մասին, զարմանալիորեն մոռանում է, որ հենց կոռուպցիայի մեջ ուղղակիորեն ներգրավված, միջազգային հետազոտության արդյունքներով օֆշորային սկանդալներում հայտնված ԴԱՀԿ նախկին պետն իր թույլտվությամբ է առաջադրվում ԱԺ պատգամավորության թեկնածու։ Սերժ Սարգսյանը մոռանում է, որ իր վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որը կիպրոսյան հայտնի օֆշորային սկանդալի մեջ է ներառված։ Սերժ Սարգսյանը մոռանում է, որ հենց իր իշխանության անմիջական մասնակցությամբ են հանրակրթական հաստատությունների տնօրենները հավաքագրում ընտրողներին և պարտադրում նրանց քվեարկել իր կուսակցության օգտին, որ իր կուսակցության պատգամավոր է հանդիսանում «ՍԱՍ գրուպի» սեփականատերը, որը հրապարակային ստորացնում է իր աշխատողներին, և դրա մեջ որևէ հանցագործություն չի տեսնում։ Սերժ Սարգսյանը սահմանադրական կարգի դեմ գործողություն չի տեսնում սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների ոտնահարումը իր իսկ կուսակցության ու հենց իր կողմից։ Նա նախընտրական փուլում գաղտնի, ոչ հրապարակավ հանդիպում էր համայնքների ղեկավարների հետ, ազատ և արդար ընտրությունների ինստիտուտի խախտողը հենց ինքն է, իսկ ընտրությունների ինստիտուտը սահմանադրական կարգի հիմքն է։ Սերժ Սարգսյանը երբ խոսում է միայն ՀՀ ուժի կիրառման մենաշնորհի մասին, նույնիսկ այնքան համարձակություն չունի, որ ասի՝ ուժի կիրառման մենաշնորհը միայն իշխանությանն է, որովհետև նա իր իշխանությունն արդեն նույնականացրել է Հայաստանի Հանրապետության հետ։ Սա է մեսիջը, բայց նա մոռանում է, որ միայն օրինական, ազատ և արդար ընտրություններով ձեւավորված և հանրության մոտ վստահություն ունեցող իշխանության կողմից ուժի կիրառումը կարող է լինել օրինաչափ։ Քանի որ միայն այդ դեպքում են պետության իշխանության, հանրության դեմ գործողություն կատարողները ընկալվում որպես ոչ լեգիտիմ։ Այսինքն, ինքը լեգիտության խնդրին ընդհանրապես չի անդրադառնում և միայն ասում է, որ դա իր մենաշնորհն է։
Նա չարաչար սխալվում է, որովհետև դրա կիրառման մենաշնորհ ունեցողը պետք է լինի լեգիտիմ։ Սերժ Սարգսյանը մոռանում է, որ հենց իր կողմից է հյուպատոսական անձնագիր տրվում քրեական աշխարհի հեղինակությանը, որի նկատմամբ կիրառվում է սահմանափակում ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից, բառացիորեն երկու օր առաջ։ Այսինքն՝ հանցագործության, կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոսում է մի մարդ, որն ինքը քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ ամենաջերմ, բարեկամական և գործընկերային հարաբերություններն ունի։ Սերժ Սարգսյանն իր բոլոր ելույթներում և մասնավորապես ԱԱԾ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում մի բան է արձանագրում, որ ինքն անձամբ և իր գործընկերները օրենքից դուրս են և անպատժելի են։
Այսինքն՝ հիմնական նպատակն է ցույց տալ, որ միայն իշխանության դեպքում ուժի կիրառումը կարող է լինել օրինաչափ։
Այս ուղերձով ցույց է տալիս, որ ուժայինները կարող են օրենքի դրույթները կիրառել միայն այլախոհների նկատմամբ, միայն ընդդիմության նկատմամբ։ Ընդդիմություն ասելով միայն քաղաքականը նկատի չունեմ, այլ իշխանության գործողությունները քննադատող, իշխանության գործողությունների դեմ հանդես եկողների նկատմամբ կարող է կիրառվել օրենքը։ Որովհետև բազմաթիվ են հանցագործությունները, որոնք կատարվել են իր, իր մերձավորների, իր կողմից հովանավորվող անձանց կողմից, որոնք մնացել են անպատիժ։ Այդ պարագայում կամ պետք է լռել, կամ հստակ քայլեր կատարել, որոնք ես չեմ տեսնում։ Սերժ Սարգսյանն ինքն է հանդիսանում սահմանադրական կարգը խախտողը, որը մինչ այժմ ծպտուն անգամ չի հանել 2008 թվականի մարտի 1-ի պետական ահաբեկչության մասին։ Ավելին՝ ունենալով միանձնյա հսկողություն հատուկ քննչական ծառայության, դատախազության, ոստիկանության, ԱԱԾ գործունեության նկատմամբ, անմիջական պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի 1-ի պետական ահաբեկչության հետևանքով սպանված քաղաքացիների գործով քննության չիրականացման, մեղավորներին պատասխանատվության չենթարկելու համար։
Գուցե ինքն ուժի կիրառման մենաշնորհ ասելով հենց դա՞ նկատի ունի, որ իրենք կարող են սպանել ու մնալ անպատիժ։ Որ կարող են կոռուպցիան դարձնել որպես համակարգային ինստիտուտ ու մնալ անպատիժ։ Կամ գուցե այդ ամենը կարող է կատարվել նաև մյուսների կողմից, եթե դա համաձայնեցնեն անձամբ իր հետ։ Բայց մի մարդ, որը սահմանադրական կարգն է բռնի զավթել և դրա արդյունքում զբաղեցրել նախագահի պաշտոնը, մի մարդ, որը կոռուպցիայի մեջ թաղված բարձրաստիճան պաշտոնատար անձանց անմիջականորեն է հովանավորում, մի մարդ, որն ինքը քրեական աշխարհի հետ ամենասերտ համագործակցությունն ունի, որոնց նույնպես հովանավորում է, և նրանք ազատ կարող են ելումուտ անել Հայաստանի տարածքում, այդ մարդը խոսում է կոռուպցիայի մասին, խոսում է ժողովրդի անվտանգության մասին, խոսում է սահմանադրական կարգի պահպանության մասին։
Կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլից առաջ դիրքավորվում է։
Նա հիմնական խնդիր է լուծում, որ նույն բովանդակությամբ, նույն մեթոդներով շարունակելու է կառավարումն արդեն վարչապետի պաշտոնում գտնվելու դեպքում։ Սա է նրա հիմնական ուղերձը։
Օրերս նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էր անդրադարձել նրան, թե Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո ինչ քաղաքական դերակատարում կունենա և հույս հայտնել, որ նա կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու համար ունի նաև ռուսական իշխանությունների հավանությունը։
Ինձ արդեն չի էլ հետաքրքրում, թե ում աջակցությունը կա։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները իրենց խոսքն ու գնահատականները չեն կառուցում՝ հիմնվելով օրենքի, իրավունքի, սահմանադրական նորմերի պահպանման անհրաժեշտության վրա։ Նրանց բոլոր ձևակերպումները անձերի մակարդակով են։ Դրա համար էլ ինձ դա չի հետաքրքրում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ մենք գտնվում ենք մի այնպիսի ակումբում, որտեղ ոչ թե ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներն են գործում, այլ իշխանություն ունեցողների կամքը, որակը, բնույթը, նրանց իշխելու կարողությունը, ոչ թե սկզբունքները, որոնց հիմքում իմ նշած ժողովրդավարություն և իրավական պետություն հասկացություններն են։ Այդ տեսակետից որևէ այլ ակնկալիք ես չունեմ, բայց մի կարևոր հանգամանք. այն փորձագետները, որոնք շատ էին ոգևորված ԵՄ-ի հետ Սերժ Սարգսյանի համաձայնագրի ստորագրմամբ և զբաղված են Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից վարչապետի պաշտոնին անցնցում անցումն ապահովելով, պետք է նաև պատշաճ ուշադրություն դարձնեն, որ ըստ էության նման սկզբունքները, նման մոտեցումները, մարդու իրավունքի, արժանապատվության նկատմամբ որևէ հարգանքի բացակայությունը, հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները չարժևորելն անհամատեղելի են ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած համաձայնագրի բովանդակությանը և սկզբունքներին։
Այսինքն՝ ԵՄ-ն հիասթափությո՞ւն է ապրելու։
Եվրամիությունն ինքն իր խնդիրներն ունի և նաև այդ տեսակետից է նայում այլ պետությունների հետ իր հարաբերությունները ձևավորելու առումով։ Բայց առաջին գլխավոր հիասթափվողը կարող են լինել Հայաստանի քաղաքացիները, որոնց մոտ առանց հիմքի փորձում են լավատեսություն ներշնչել, որն, ըստ էության, անգործության է մատնում հանրությանը, և փորձում են հերթական անգամ հույսը կապել Սերժ Սարգսյան անձի և նրա կոռումպացված, քրեա-օլիգարխիկ համակարգի հետ։ Այդ հույսն իր ողջ էությամբ անիմաստ է։
Այսինքն՝ 2018 թվականին էլ Հայաստանում լուրջ փոփոխությունների ակնկալիք չկա՞։
Հայաստանում փոփոխությունները լինելու են, ի հեճուկս Սերժ Սարգսյանի, պարզապես այդ փոփոխություններին տանող քայլերը կարող են լինել անկանխատեսելի։ Սերժ Սարգսյանը բացարձակ ոչ մի տեղ չի թողնում, որպեսզի քաղաքակիրթ, ժողովրդավարական զարգացումները հանդիսանան փոփոխությունների հիմքը, չնայած ինքն անընդհատ խոսում է կառավարելի վիճակ ստեղծելու, ցնցումներից զերծ մնալու մասին, բայց դրանց լուծման մեխանիզմները, որոնք նա առաջարկում է, դրանք տոտալիտար մեխանիզմներ են, ոչ թե մասնակցային, մարդկանց շահերն ու իրավունքները հաշվի առնող մեխանիզմներ։ Այդ պարագայում, իհարկե, կյանքի իրական խնդիրները և նրանց լուծման ոչ ադեկվատ, ոչ ժողովրդավարական մոտեցումներն իրենք հենց հակասություններ են առաջացնում, հակասում են մեկը մյուսին, որի արդյունքում փոփոխությունը, ցավոք, սրտի, լինելու է ոչ ժողովրդավարական կանոններով։ Սերժ Սարգսյանի մոտեցումներն անխուսափելիորեն առաջացնելու են ցնցումներ, որովհետև որևէ պետությունում չի հաջողվել ամբողջական հսկողություն սահմանել մարդկանց մտքերի, մարդկանց խնդիրների ու կյանքի վրա։ Նույնիսկ Հյուսիսային Կորեայում մարդիկ ժամանակ առ ժամանակ փախչում են կամ ենթարկվում են հրապարակավ սպանությունների, իսկ դրանք ցնցումներ են։ Այսինքն անընդհատ պերմանենտ ցնցումների վիճակում գտնվելը բնականոն վիճակը չէ։Հայաստանն, իհարկե, չի կարող, չունի Հյուսիսային Կորեա դառնալու նախադրյալները, կամ թեկուզ Բելառուս, բայց այդ համակարգերին բնորոշ մեթոդներով երկիրը ղեկավարելու ձգտումներ ունի, ինչը տրամաբանական հակասության մեջ է մտնում մեր այն իրավիճակի հետ, որում մենք ապրում ենք։ Սերժ Սարգսյանն իր բոլոր ելույթներում բացարձակապես չունի հարգանքի գեթ մեկ կաթիլ մարդկանց նկատմամբ։ Սա է իր մեսիջը։ Նա հանդես է գալիս որպես անձ, որն, իբր, երաշխիքներ է տալիս մեր անվտանգության, մեր կենսամակարդակի, մեր թվաքանակի, մեր կրթության, զարգացման համար, և ինքն այդտեղ բացարձակապես ժողովրդի, հասարակության, քաղաքացիների մասնակցությանը որևէ նշանակություն չի տալիս։