Վանաձորցի ծննդկանի մահվան գործով վկաներին բերման կենթարկեն դատարան
17:59, July 25, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2018 թ. հուլիսի 25-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր վանաձորցի ծննդկանի մահվան գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք՝ ծննդկանի մահվան մեջ մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
Նախորդ դատական նիստին դատարանը լսեց տուժողի իրավահաջորդին ու վկաներից մեկին: Այս դատական նիստին վկաների հարցաքննությունը պետք է շարունակվեր, սակայն վկաների մի մասը ծանուցումները չէր ստացել, մյուս մասն էլ ստացել, բայց չէր ներկայացել դատական նիստին: Դատարանը որոշեց բերման ենթարկել վերջիններիս, իսկ մյուսներին նորից ծանուցել:
Դատական նիստին չէր ներկայացել նաև ամբաստանյալ Դավիթ Շահվերդյանի պաշտպան Ա. Ոսկանյանը: Նա հեռախոսազանգով տեղեկացրել էր, որ առողջական խնդիրներով պայմանավորված Երևանում է: Դ. Շահվերդյանն էլ չցանկացավ առանց պաշտպանի շարունակել դատական նիստը:
Վերը նշված հանգամանքերով պայմանավորված՝ դատարանը որոշեց հետաձգել նիստն ու նշանակել 2018թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին: