ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման վերաբերյալ
14:38, February 26, 2016 | Այլ, ՀայտարարություններԱրեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորումը եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակազմի թողտվությամբ նրա նկատմամբ խցակիցների միջոցով իրականացված դաժան խոշտանգումները չկանխելու իրողությունը։ Անկախ Հայաստանի արդարադատության համակարգի համար պետք է անընդունելի լինեն եւ արմատախիլ արվեն ստալինյան եւ խորհրդային ժամանակների ՔԿՀ-ներին բնորոշ բարքերը։
Մենք միանում ենք Վ. Գասպարիի փաստաբանների հրապարակային հայտարարության մեջ հնչած կարծիքին, որ «Վ. Գասպարիի կալանավորման որոշումն անհրաժեշտ չէր, չի հետապնդում իրավաչափ նպատակ եւ անհիմն է, այն ավելի շուտ քաղաքական որոշում է, որի նպատակն անհնազանդ, անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է եւ այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը»:
ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում Հայաստանում գործող միջազգային կառույցներին՝ իրենց ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունների շարունակական խախտումների դեմ։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
26 փետրվարի, 2016թ.