«Սանիթեքի» աշխատակիցը ընկերությունից պատճառված վնասի փոխհատուցում է պահանջում դատարանում
15:32, March 26, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵրևանի աղբահանության և սանմաքրման աշխատանքներով զբաղվող «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերության աշխատակիցները պարբերաբար ահազանգում են գործատուի կողմից տարբեր դրսևորումներով վատ վերաբերմունքի արժանանալու մասին:
Ամիսներ առաջ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Ընկերության աշխատակիցներին ստիպում են նախատեսված ժամից ավել աշխատել և արտաժամյա աշխատանքի համար չեն վարձատրում: Իսկ 2016-ի տարեսկզբին աշխատակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպել իրենց աշխատավարձերը նվազեցնելու և չվճարելու պատճառով:
Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատունակությունը կորցրած Զ. Ա.-ն էլ իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և Կազմակերպության աջակցությամբ «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերության դեմ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով 2018 թ. մարտի 3-ին հայց ներկայացրել դատարան:
Զ. Ա.-ն Ընկերությունում պայմանագրային հիմունքներով կատարել է մաքրման աշխատանքներ: 2017 թ. մարտի 24-ին Երևանի Բաղրամյան պողոտայում իր աշխատանքային պարտականությունները կատարելիս վրաերթի է ենթարկվել, որի արդյունքում անդամահատվել է և կորցրել աշխատունակությունը: Զ. Ա.-ն չի կարողանում աշխատել 2017 թ. ապրիլի 1-ից:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների համաձայն՝ գործատուն պարտավոր է փոխհատուցել նրա առողջությանը պատճառված վնասը աշխատավարձի այն մասով, որը նա կարող էր ստանալ աշխատունակությունը չկորցնելու դեպքում, ինչպես նաև առողջության քայքայման արդյունքում առաջացած ծախսերը:
Սահմանված չափանիշերի համաձայն՝ Զ. Ա.-ն աշխատունակությունը կորցրել է 70 տոկոսով, հետևաբար փոխհատուցման ենթակա գումարը համախառն աշխատավարձի 70 տոկոսն է կազմում:
Ընդ որում՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների համաձայն՝ փոխատուցման ենթակա գումարը չի կարող նվազեցվել հաշմանդամության կամ այլ նպաստներ ու կենսաթոշակ ստանալու դեպքում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցով Զ. Ա.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը պահանջել է փոխհատուցել 2017 թ. ապրիլի 1-ից անաշխատունակության հետևանքով կրած վնասը:
Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել և նախնական դատական նիստ նշանակել 2018 թ. մայիսի 8-ին: