ՀՀ Նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է վերաքննիչ դատարան
14:58, May 26, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՀՀ Վարչական դատարանը 2016 թ. ապրիլի 20-ի վճռով մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, որով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր պարտավորեցնել Վ. Սարգսյանին՝ տրամադրել Կազմակերպության 2015թ. հունիսի 29-ի տեղեկատվության հարցմամբ պահանջված ամբողջական տեղեկատվությունը, մասնավորապես՝ տեղեկատվություն այն մասին, թե 1992-1998թթ. ընթացքում ՀՀ Նախագահի կողմից քանի անձ է պարգևատրվել զենքով և ըստ 1992-2015 թթ.՝ ՀՀ Նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալները (անուն-ազգանունները):
Հիշեցնենք, որ Կազմակերպության հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տեղեկատվություն էր տրամադրվել միայն 1998-2015 թթ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրված անձանց թվի վերաբերյալ, իսկ պարգևատրված անձանց տվյալները հրաժարվել էին տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն և ենթակա չեն տրամադրման:
Դատարանը իրավաչափ է համարել պատասխանողի դիրքորոշումը և հայցը համարելով անհիմն՝ մերժել է այն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով հիմնավորվել է այն հանգամանքը, որ Դատարանի վճռով խախտվել են հայցվորի իրավունքները և սխալ են մեկնաբանվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Մասնավորապես նշվել է, որ անձի անուն-ազգանունը համարվում է հանրամատչելի տեղեկատվություն, ինչը ձեռք բերելու դեպքում անձի նույնականացումը բացառվում է: Ինչ վերաբերում է պահանջվող տեղեկատվության մի մասին չտիրապետելուն, ապա դա որևէ ձևով չի ապացուցվել պատասխանողի կողմից, ինչին Դատարանը վճիռ կայացնելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել, ավելին՝ վճռի մեջ վկայակոչել է պատասխանողի նման դիրքորոշումը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:
Հավելենք, որ նույնաբովանդակ հարցմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր նաև ՀՀ Կառավարությանը՝ ՀՀ Վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցով, որը ևս մերժվել էր: