ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի. վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 15-ին
16:11, October 26, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2016 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Առաքելյանի, քննության առնվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 22-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանը, քննելով ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ներկայացված հայցը, վճռել էր այն ամբողջությամբ մերժել: Վճռի հիմքում դրվել էր այն հիմնավորումը, որ պահանջված տեղեկությունները հանդիսանում են ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն: Ներկայացված հարցմամբ Կազմակերպությունը պահանջել էր տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվելիք գործողությունների կատարման վերաբերյալ:
Դատական նիստը կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի և ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Մխիթար Մկրտչյանի մասնակցությամբ:
Նախագահող դատավոր Ա. Առաքելյանը ներկայացրեց գործի դատավարական նախապատմությունը, վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները:
Վերաքննիչ բողոքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիմնավորումներ էր ներկայացրել այն մասին, որ տեղեկատվության հարցմամբ պահանջված տեղեկությունները չեն հանդիսանում ծառայողական գաղտնիք, քանզի պահանջված տեղեկատվությունը բացառապես վերաբերել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպված դասընթացների, վերապատրաստումների, դրանց մասնակիցների թվին, իրականացման ժամանակահատվածին, դրանց մասնակցած ստորաբաժանումներին, դասընթացների թեմաներին, դասընթացների ազդեցության գնահատման արդյունքներին:
Վերաքննիչ բողոքով պահանջվել էր բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը և գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության:
Վերաքննիչ բողոքի վերաբերյալ գրավոր պատասխան չէր ներկայացվել:
Դատարանի հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը նշեց, որ ամբողջությամբ առարկում է ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ և իրավաչափ է համարում ՀՀ Վարչական դատարանի կողմից կայացված վճիռը:
Կողմերը միջնորդություններ չունեին, հայցվորի ներկայացուցիչը պնդեց ներկայացված վերաքննիչ բողոքը:
Բողոքի քննությունը համարելով ավարտված՝ նախագահող դատավոր Ա. Առաքելյանը նշանակեց դատական ակտի հրապարակման օրը:
Սույն գործով ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2016 թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:03-ին: