Սահմանադրական դատարանը կորոշի ընտրական իրավունքին առնչվող գործերով վարչական դատարանի որոշումները բողոքարկելու արգելքի սահմանադրականության հարցը
14:04, October 26, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՀՀ Սահմանադրական դատարանը 2017 թ. հոկտեմբերի 23-ին վարույթ է ընդունել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ դիմումը:
Հիշեցնենք՝ 2017 թ. ապրիլի 14-ին կայացված վճռով ՀՀ Վարչական դատարանն ընդունեց դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից իր դիտորդի իրավունքների խախտման փաստը վարչական դատարանում վիճարկելու իրավունքը: Այնուամենայնիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Կազմակերպության դիտորդի՝ ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունների և կայացված որոշման իրավաչափությունը վիճարկող հայցը դատարանը մերժեց, և ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորները զրկվեցին այդ որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:
ՀՀ Վարչական դատարան ներկայացրած հայցի հիմքում ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում Արմավիրի 14/10 ընտրատեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հավատարմագրված դիտորդ Օ. Ա.-ի դիմում-բողոքը Թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից մերժելն էր:
Դիտորդը ընտրատարածքային հանձնաժողով դիմում-բողոք էր ներկայացրել այն բանից հետո, երբ ընտրատեղամասում ի թիվս այլ խախտումների, արձանագրելով նաև նույն անձի կողմից երեք անգամ որպես օգնող հանդես գալու դեպքեր՝ պահանջել էր գրանցամատյանում գրառում կատարել դրա վերաբերյալ, ինչը տեղամասային ընտրական հանձնաժողովը մերժել էր:
Թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովը ոչ միայն մերժել էր տեղամասային ընտրական հանձնաժողովի անգործության վերաբերյալ դիտորդի դիմում-բողոքը, այլև հրաժարվել էր դրա քննարկմանը մասնակից դարձնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ համարելով, որ Կազմակերպության իրավունքները չեն խախտվել:
ՀՀ Վարչական դատարան ներկայացրած հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ու դիտորդ Օ. Ա.-ը պահանջել էին ոչ իրավաչափ ճանաչել Թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունները, անվավեր ճանաչել նրա կայացրած որոշումը և պարտավորեցնել 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովին արձանագրել դիտորդի գնահատականը:
Դատարանը հայցը Ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով ընդհանրապես վարույթ չէր ընդունել, իսկ մյուս մասով մերժվել դատաքննության արդյունքում՝ համարելով, որ դիտորդի իրավունքների խախտման վերաբերյալ բավարար ապացույցներ չկան:
Դատարանն արձանագրել էր, որ «պատասխանողի մոտ (Տարածքային ընտրական հանձնաժողով) առկա է որոշակի շփոթ երրորդ անձի ինստիտուտի և համատասխան հանձնաժողովի անգործությունը վիճարկելու, հանձնաժողով դիմում ներկայացնելու իրավասությամբ օժտված շահագրգիռ անձի ինստիտուտի միջև», բայց և համարել էր, որ դիտորդը տվյալ դեպքում միջնորդավորված կերպով ներկայացրել է նաև Կազմակերպության շահերը:
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որը վկայակոչել էր Վարչական դատարանը կայացրած վճռում, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Սրանով հայցվոր կողմը զրկվում է առաջին ատյանի դատարանի գործողությունները և դատական ակտի իրավաչափությունը վերաքննիչ դատարանում ստուգելու հնարավորությունից, առանց որի հնարավոր չէ պարզել՝ արդյոք առաջին ատյանի դատարանն իրականացրել է ամբողջական և բովանդակային քննություն և արդյոք ճիշտ է գնահատել գործում առկա ապացույցները:
Տվյալ դեպքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ միայն զրկվում է դատարանի ոչ արդարացի դատական ակտը բողոքարկելու իրավունքից, այլև՝ ստորադաս դատարանի հնարավոր ոչ արդարացի դատական ակտով իր խախտված կամ սահմանափակված իրավունքի վերականգման հնարավորությունից:
Այսպիսով՝ խախտվում է հայցվորների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը, հետևաբար՝ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Վերոնշյալ դրույթը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Սահմանադրական դատարան էր դիմել 2017 թ. հոկտեմբերի 6-ին: