Հայաստանում բանտերը շատ արագ լցվում են
16:06, October 26, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՍեպտեմբերի 21-ին շատերը ակնկալում էին, որ կլինի համաներում, սակայն համաներում այդպես էլ չեղավ: Այս թեման շատ է քննարկվում մամուլում հատկապես վերջին օրերին:
Politik.am-ը խնդրի շուրջ զրուցել է Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Ի՞նչ է ցույց տալիս համաշխարհային փորձը, համաներումներից հետո արդյոք չի լինում հանցավորության կտրուկ աճ:
-Ես նման տվյալներ չունեմ, հանցագործությունների աճը պայմանավորված է դրանց պատճառներով՝ սոցիալական, տնտեսական, այսինքն՝ քաղաքականության հետ է կապված: Ինչքան սոցիալական ապահովվածության մակարդակը բարձր է, այդքան հանցավորության աճ չկա, ասենք եթե վերցնենք Շվեդիան կամ Հոլանդիան, որտեղ արդեն քրեակատարողական հիմնարկները փակել են, որովհետև բանտարկյալ չկա: Դա կապված է պետության քրեական բնագավառում քաղաքականություն հետ: Իսկ մեր պարագայում համաներումները հանցավորության աճի կամ պակասեցման վրա ազդեցություն չունեն, որովհետև քաղաքականությունը մեզ մոտ պատժողական է: Տնտեսական քաղաքականությունը ձախողված է, իսկ սոցիալական բնագավառում պետությունը չի իրականացնում ապահովվածության քաղաքականությունը:
Մեզ մոտ հանցավորության պատճառները շատ են. թե խտրական վերաբերմունքը, թե տնտեսական դաշտի մոնոպոլիզացիան, թե առանձին խմբերի իրավական պաշտպանվածության խոցելիությունը: Դրա համար համաներումը ավելի բեռնաթափման միջոց է քրեակատարողական հիմնարկների համար, բայց մեր դեպքում շատ արագ նորից լցվում են, որովհետև դատարանները որպես խափանման միջոց անընդհատ կալանքն են կիրառում, իսկ արդարացնող վճիռները, որպես այդպիսին, շատ քիչ են:
-Ի՞նչ դրական ազդեցություն կարող է ունենալ համաներումը տնտեսական քաղաքականության տեսանկյունից:
-Ոչ մի: Գումարները պետք է տնտեսել կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Եթե կոռումպացված իշխանությունը փորձի խնայել սոցիալական նպաստների կամ դատապարտյալների սնունդի վրա, ապա դա խնայողություն չի, դա հատկացումների կրճատում է: