Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հարցմանը ոստիկանությունը ոչ թե կեղծ տեղեկատվություն է տրամադրել, այլ ընդամենը գրության մեջ մոռացել է նշել «ՔՀԳՎ» հապավումը. Դատախազությունը «պարզաբանում է»
17:48, October 26, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն«Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն (ՕՀՄ) անցկացվել է օրենքի շրջանակներում». այսպիսի դիրքորոշում է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը՝ դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած բողոքը մերժելու մասին՝ 2017 թ. հոկտեմբերի 16-ի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Մ. Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացանելու որոշումը դատարանը կայացրել է 2015 թ. սեպտեմբերի 14-ին, երբ վերջինս քրեական գործում ներգրավված է եղել որպես վկա և հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Մինչդեռ վերոնշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կարող է իրականացվել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, և անհրաժեշտ տեղեկատվությունը ուրիշ որևէ միջոցով ստանալ հնարավոր չէ:
Ավելին՝ իր նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացված լինելու վերաբերյալ Մ. Պողոսյանի հարցմանը ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանը հայտնել էր, թե մինչ հարցման պահը՝ 2017 թ. օգոստոսի 17-ը, նման գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել՝ տրամադրելով ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Մ. Պողոսյանն այդ մասին իմացել է ավելի ուշ՝ իր դեմ ապօրինի հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում՝ 2017 թ. օգոստոսին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն բողոք էր ներկայացրել Մ. Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացանելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշման դեմ: Դրանով ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Գ. Մարգարյանը հանցակազմ չէր տեսել ինչպես ոստիկանների գործողություններում, այնպես էլ հաղորդում ներկայացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի գործողություններում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված սուտ մատնության հիմքով:
Դատախազին ուղղված բողոքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դա որակել էր որպես իրավապաշտպանի վրա ճնշում գործադրելու միջոց, որպեսզի վերջինս խուսափի հանցագործության մասին բարձրաձայնելուց:
Ա. Սաքունցի բողոքը մերժելու մասին որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը վերահաստատել է ՀՔԾ քննիչ Գ. Մարգարյանի այն պնդումը, թե «կասկածվում է» և «կասկածյալ» եզույթները նույնը չեն: Նրա պնդմամբ՝ վերջինը առաջինի մասնավոր դրսևորումն է միայն: Եվ անձը կարող է կասկածվել հանցագործություն կատարելու մեջ, սակայն «կասկածյալի» դատավարական կարգավիճակ չունենալ:
Ուշագրավ է այն, որ ՕՀՄ իրականացված լինելու մասին Մ. Պողոսյանին ՀՀ Ոստիկանությունից կեղծ տեղեկատվություն տրամադրելը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը մեկնաբանել է տեղի ունեցած վրիպակով: Նա նշում է, որ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տրամադրել միայն Վարչության կողմից իրականացված միջոցառումների մասին, ուղղակի մոռացել է գրության մեջ նշել «ՔՀԳՎ» հապավումը, ինչն էլ, նրա պնդմամբ, շփոթության տեղիք է տվել. «որևէ դիտավորություն դրանում չի եղել, և պաշտոնական կեղծիք համարվել չի կարող»:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը անհիմն է համարել նաև սուտ մատնության հիմքով հաղորդում ներկայացրած իրավապաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ փաստարկը՝ համարելով, որ «հաղորդում տված անձի արարքին իրավական գնահատական տալը հիմնավոր է և օրինական»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 16-ի որոշումը կբողոքարկի դատական կարգով: