Առողջական վիճակի դրական տեղաշարժ չի արձանագրվել, սակայն հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվում. քաղաքացիներն ահազանգում են
10:35, May 26, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՎերջին շրջանում հաշմանդամություն ունեցող անձինք տարբեր հարթակներում ահազանգում են, որ նրանց մի մասը բժշկասոցիալական հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվել, մյուսներն էլ ստացել են ավելի ցածր կարգ:
Համանման ահազանգեր ստացվել են նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում: Քաղաքացիները պնդում են, որ առողջական վիճակի դրական տեղաշարժ իրենց մոտ չի արձանագրվել, բայց առանց պատշաճ հիմնավորման՝ հաշմանդամության կարգը փոփոխվել է, կամ առհասարակ հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել:
Կազմակերպության աջակցությամբ քաղաքացիները պատրաստվում են իրենց վերաբերյալ ԲՍՓՀ որոշումներն ստանալուն պես դրանք բողոքարկել վերադասության և դատական կարգով:
Վերջին փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված Ս. Գ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վերադասության կարգով բողոքարկել է ԲՍՓՀ որոշումը: Բողոքը հիմնավորվել է նրանով, որ 2015 թ.-ից հաշմանդամության երրորդ կարգ ունեցող Ս. Գ.-ն սրտի հետ կապված խնդիրներ ունի, ինչի արդյունքում պարբերաբար բժշկական օգնության կարիք է զգում, հոսպիտալացվում:
Նրա առողջական վիճակի մասին հավաստող բժշկական փաստաթղթերի համաձայն՝ դրական տեղաշարժ չի արձանագրվել, սակայն բժշկասոցիալական հանձնաժողովը պատշաճ ուշադրության չի արժանացրել այդ հանգամանքը, դրա շուրջ բազմակողմանի և օբյեկտիվ քննարկում չի ապահովել: Արդյունքում խախտվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ կամայական կերպով հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչել Ս. Գ.-ին:
Բողոքի հիման վրա վերափորձաքննություն է նշանակվել, սակայն որոշման բովանդակությունն անփոփոխ է մնացել:
Ս. Գ.-ն պատրաստվում է իրեն հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու մասին ԲՍՓՀ որոշումը բողոքարկել նաև դատական կարգով: