Ոստիկանները օրենքի փոխարեն զգացողություններով են առաջնորդվում
19:15, June 26, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԼրագրող Արփի Մախսուդյանի բնակարան մուտք գործելու և խուզարկության փորձ կատարելու՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունները վարույթն իրականացնող մարմինը որակել է որպես պաշտոնեական լիազորությունների գերազանցում:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում Արփի Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է, և Արփի Մախսուդյանը տուժող է ճանաչվել:
Մինչ այդ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց օրեր անց հարուցված քրեական գործում լրագրողը ներգրավված է եղել որպես վկա և հարցաքննվել այդ կարգավիճակում, այնչինչ ի սկզբանե պետք է քրեական գործ հարուցելուց հետո Մախսուդյանների ընտանիքը տուժող ճանաչվեր:
Հիշեցնենք՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ առավոտյան 7:30-ին, և հայտարարել, որ տեղեկատվություն ունեն, թե բնակարանում հանցագործ է թաքնվում: Ա. Մախսուդյանի հարցին՝ խուզարկելու թույլտվություն ունեն, թե՝ ոչ, նրանք պատասխանել են՝ ոչ, ինչից հետո պահանջել է հեռանալ բնակարանից: Դրանից հետո ոստիկաններն սկսել են ագրեսիվ վարք դրսևորել, սպառնացել են բաժին տանել նրա սկեսրայրին:
Ոստիկանների վերաբերմունքը փոխվել է միայն այն բանից հետո, երբ Ա. Մախսուդյանը փորձել է հեռախոսով կապվել իրավաբանի հետ: Նա հրաժարվել է նաև պատասխանել ոստիկանների հարցերին, ինչից հետո վերջիններս, սպառնալիքներ հնչեցնելով և ընտանիքի անդամներին ահաբեկելով, հեռացել են:
Մեզ հետ զրույցում Ա. Մախսուդյանը հայտնեց, որ Ոստիկանությունը ժխտում է, թե խուզարկելու նպատակով են բնակարան մտել, և այցը պատճառաբանում է հետախուզման մեջ գտնվող անձին փնտրելով:
Ոլորտը կարգավորող օրենսդրությունը անձի բնակարանում խուզարկություն իրականացնելու համար պարտադիր է համարում դատարանի որոշումը, ինչն այս դեպքում առկա չի եղել: Իսկ թե ինչպես էին առանց խուզարկություն իրականացնելու, գտնելու հետախուզվողին, կարող ենք միայն ենթադրել. ոստիկանները փորձել են տանտերերի պահվածքից դա զգալ կամ հետախուզվողին տեսնել հյուրասենյակում և հայտնաբերել նրան:
Հարուցված քրեական գործի քննությամբ տուժող կողմն ակնկալում է պարզել ոստիկանության աշխատակիցների՝ Մախսուդյանների բնակարան այցի իրական նպատակն ու իրավական հիմնավորումը:
Ինքը Ա. Մախսուդյանն ակնկալում է, որ քննության արդյունքում կհաստատվի ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունների գերազանցումը, բայց և վստահ է՝ նրանք չեն պատժվի, քանի որ Հայաստանում ոչ մի ոստիկան երբեք պատասխանատվության չի ենթարկվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, և թույլ չեն տա, որ նման նախադեպ ստեղծվի:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանն էլ հավելում է. «Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտն ու մեր ունեցած փորձը թույլ է տալիս եզրակացնելու, որ հանցագործության մասին հաղորդումների ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքը սովորաբար քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումներն են»: