Գայանե Առուստամյանի գործով նշանակվեց ևս մեկ նախնական դատական նիստ
15:55, January 27, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղաշարժի ազատություն | Գայանե Առուստամյան2016 թ. հունվարի 26-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, ըստ հայցի ՀՀ ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով տեղի ունեցավ հերթական նախնական դատական նիստը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ պատասխանողի ներկայացուցչին հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորություն տալու նպատակով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը և գործով պատասխանող ու հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախնական դատական նիստին պատասխանող Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը որոշ հարցեր ուղղեց հայցվորի ներկայացուցչին, մասնավորապես, հարցեր հնչեցվեցին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով նախատեսված արարքի օբյեկտի, մինչև «վիրավորական արտահայտությունը» հնչեցնելը Գ. Առուստմյանի կողմից ոստիկանության աշխատակցի՝ ՀՀ ոստիկանության աշխատակից լինելու ու հասարակական կարգի պահպանության պարտականությունների կատարման փաստերն իմանալու, ինչպես նաև ոստիկանության ծառայող Դավիթ Պիլիպոսյանին վիրավորելու հանգամանքների շուրջ: Ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանը հայտնեց, որ Գ. Առուստամյանի կողմից վիրավորանքը հնչեցվել է հասարակական վայրում, ուղղված է եղել հանրային հասարակական հարաբերությունների դեմ, իսկ Դ. Պիլիպոսյանի՝ ոստիկանության աշխատակից լինելու փաստի մասին վկայել է այն, որ վերջինս եղել է ոստիկանի համազգեստով: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ վիրավորանքն ուղղված է եղել ոստիկանության աշխատակից Դ. Պիլիպոսյանին և չի կարող որևէ առնչություն ունենալ վերջինիս անձի հետ: Գ. Առուստամյանի ներկայացուցիչը հետաքրքրվեց նաև, թե կոնկրետ որ ժամին է տեղի ունեցել պատասխանողի ձերբակալությունը և որ ժամին է նա ազատ արձակվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնից: Այս առնչությամբ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ հստակ տեղեկություններ կարող է հայտնել միայն բերման ենթարկվածների հաշվառման մատյանի գրառումների համաձայն, և Դատարանը պարտավորեցրեց ներկայացնել այդ մատյանի պատճենը:
Նախագահող դատավոր Հ. Այվազյանը հայցվորի ներկայացուցչին հարցեր ուղղեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների կողմից սուլիչ օգտագործելու և սուլելու դեպքերը կարգավորող օրենսդրության վերաբերյալ, որին ի պատասխան՝ Ս. Մելիքյանը նշեց, որ դա կարգավորվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության «Պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» որոշմամբ:
Այնուհետև հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը ներկայացրեց հակընդդեմ հայցադիմումի հիմքերը և առարկան: Նա նշեց, որ հակընդդեմ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Մասնավորապես, Գ. Առուստամյանը 2015 թ. մայիսի 7-ի երեկոյան Երևան քաղաքի «Օպերայի» հարակից մասում գտնվող Սարյանի արձանից քայլել է դեպի հակառակ մայթ՝ անցնելով լուսափորի կանաչ լույսով: «Սանտա ֆե» սրճարանի մոտ հակընդդեմ հայցվորից կես քայլ հեռավորության վրա գտնվող ոստիկանության աշխատակիցը բարձր սուլել է, որից հետո հակընդդեմ հայցվորը, հանկարծակիի գալով, արձագանքել է «ի՜նչ ես ականջիս տակ սուլում, էշ» արտահայտությամբ: ՀՀ ոստիկանության սուլող աշխատակիցը և նրան միացած ՀՀ ոստիկանության այլ աշխատակիցներն անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք են դրսևորել հակընդդեմ հայցվորի նկատմամբ, թույլ չեն տվել իր գործողությունների վերաբերյալ բացատրություններ ներկայացնել, այնուհետև սահմանված կարգի խախտմամբ գործադրել են ֆիզիկական ուժ և հատուկ միջոց, որից հետո հակընդդեմ հայցվորին անհիմն ձերբակալել են ու տեղափոխել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների արդյունքում խախտվել են հակընդդեմ հայցվորի՝ խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժի իրավունքները: Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց դեպքի հաջորդ օրը բուժօգնության դիմելու փաստը հավաստող բժշկական փաստաթղթեր, որտեղ արձանագրվել էին Գ. Առուստամյանի մարմնի վրա առկա վնասվածքները: Բացի դրանից՝ դատարան ներկայացվեց նաև Գ. Առուստամյանի հոգեբանական հետազոտության եզրակացությունը, որը կատարվել էր Ստամբուլյան արձանագրության պահանջներին համապատասխան: Դատարանը հետաքրքրվեց հետազոտության կատարման իսկությունը հավաստող փաստաթղթերի առկայության մասին և պարտավորեցրեց հակընդդեմ հայցվորի ներկայացուցչին դրանք ներկայացնել Դատարանին: Միաժամանակ, Դատարանը հետաքրքրվեց, թե կոնկրետ որ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով է հայցադիմումը ներկայացվել դատարան: Տ. Սիրադեղյանը նշեց, որ այդ գործողությունների վերաբերյալ տեղեկությունները ներառված են հակընդդեմ հայցադիմումի փաստական և իրավական հիմնավորումների շրջանակներում: Դատարանը պարտավորեցրեց Տ. Սիրադեղյանին՝ հստակեցնել հակընդդեմ հայցադիմումի պահանջը՝ ներառելով կոնկրետ գործողությունները, որոնք հակընդդեմ հայցվոր կողմը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչվել: Գ. Առուստամյանի ներկայացուցիչը նշեց, որ պահանջի հստակեցումը կարող է կախված լինել ՀՀ ոստիկանության կողմից դատարան ներկայացվելիք բերման ենթարկվածների հաշվառման մատյանի տեղեկություններից:
Այդպիսով՝ Դատարանը պարտավորեցրեց կողմերին կարճ ժամկետներում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և կատարել համապատասխան հստակեցումները՝ նշանակելով ևս մեկ նախնական դատական նիստ, որը կկայանա 2016 թ. մարտի 2-ին՝ ժամը 16:00-ին: