ԴԱՀԿ աշխատակիցները ժամանակ խնդրեցին՝ վերաքննիչ բողոքի բովանդակությանը ծանոթանալու համար
12:35, February 27, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. փետրվարի 27-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Պետրոսյանի, շարունակվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինականության ստուգման արդյունքում ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ Անուշ Պողոսյանի ներկայացրած բողոքի քննությունը:
Բողոքի քննությանը ներկա էին բողոքաբեր Ա. Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ինչպես նաև դատարանի կողմից որպես շահագրիգիռ անձ ծանուցված ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի չորս աշխատակից:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի աշխատակիցները հայտնեցին, որ ծանոթ չեն ստորադաս դատարանի կողմից կայացված որոշմանն ու դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակությանը և խնդրեցին ժամանակ տալ դրանց ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու համար:
Բողոքաբերի ներկայացուցիչն առարկություն չներկայացրեց:
Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, որոշեց բավարարել այն՝ հնարավորություն տալով շահագրգիռ անձանց ծանոթանալու դատական ակտի և վերաքննիչ բողոքի բովանդակությանը:
Քննությունը կշարունակվի 2017 թ. մարտի 9-ին՝ ժամը 13:00-ին: