Տիգրան Մելիքյանի գործով դատավոր Ա. Մկոյանին ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացվեց
11:17, March 27, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք2015 թ. մարտի 26-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Ա. Մկոյանի տեղի ունեցավ անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանի գործով դատական նիստ:
Ինչպես տեղեկացրել էինք, նախորդ դատական նիստի ժամանակ ներգրավվեց ամբաստանյալի նոր պաշտպան՝ փաստաբան Արա Զաքարյանը, ում դատավոր Ա. Մկոյանը տվեց ընդամենը 2 օր ժամանակ գործի ամբողջ նյութերին ծանոթանալու համար:
Այս դատական նիստը դատավորը սկսեց փաստաբանի համար տարօրինակ հարցով, այն է արդյոք պաշտպանը ծանոթացել է քրեական գործի նյութերին: Փաստաբանը հայտարարեց, որ նա ընդամենը 37 ժամում չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին և ցանկանում է հանդես գալ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությամբ:
Փաստաբան Արա Զաքարյանը դատարանի դահլիճում ընթերցեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը, որում ներկայացված էին մի շարք պնդումներ, ըստ որոնց դատավոր Ա. Մկոյանը չունի մասնագիտական բավարար հմտություններ քրեական գործեր քննելու համար, և հենց այդ պատճառով էլ 2015 թ. ապրիլի 2-ից դատավոր Ա. Մկոյանը այլևս քննելու է միայն քաղաքացիական գրծեր: Ինչպես պնդեց փաստաբանը, դատավոր Ա. Մկոյանը փորձում է այս գործը քննել արագացված կերպով և փորձում է դատավճիռ կայացնել մինչ իր տեղափոխվելը: Արա Զաքարյանը հայտարարեց, որ այս դատարանը նման է արտակարգ դատարանի, որի ստեղծումը ՀՀ Սահմանադրությամբ արգելված է:
Արա Զաքարյանի դիրքորոշումը և դատական նիստի այլ մանրամասներ տեսանյութում
Դատավոր Ա. Մկոյանը միջնորդությունը և միջնորդության վերաբերյալ կողմերի կարծիքները լսելուց հետո հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ միջնորդությունը քննարկելու և որոշում կայացնելու: Դատական նիստը հետաձգվեց 2 ժամով:
2 ժամ անց դատավոր Ա. Մկոյանը հրապարակեց որոշումը, որով մերժեց միջնորդությունը:
Որոշման հրապարակմանը ներկա չգտնվող փաստաբան Արա Զաքարյանի բացակայությունից վրդովված, դատավոր Մկոյանը որոշում կայացրեց գրությամբ դիմել ՀՀ փաստաբանների պալատ և պալատի նախագահից խնդրել ուշադրություն դարձնել փաստաբանի վարքի վրա:
Դատական նիստը հետաձվեց և նշանակվեց այսօր՝ մարտի 27-ին, ժամը 12:00-ին: