«Եթե կուսակցություններն ու դաշինքները ՀՀԿ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով չդիմեն ԿԸՀ, ուրեմն իշխանության պրոյեկտ են»
17:01, March 27, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր դպրոցի տնօրենների կողմից վարչական ռեսուրսների չարաշահման փաստով դիմում չներկայացնեն ԿԸՀ՝ ՀՀԿ գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով, այդ ուժերին մենք կհամարենք իշխանությունների հետ պայմանավորվածության մեջ եղած քաղաքական ուժեր կամ կուսակցություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով երեկվա ակցիայի շարունակությանը՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ երեկ «Երթ հանուն ազատ և արդար ընտրությունների» խորագրով ակցիա և երթ անցկացվեց դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով: Նշենք, սակայն, որ հասարակական սեկտորն այս պարագայում չի կարող իրավական ընթացք տալ հարցին, և միայն ընտրություններին մասնակից քաղաքական ուժը, դաշինքը կարող է դիմել ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով:
«Մենք մեր ասելիքը երեկ ասացինք, իսկ հիմա եկել է ճշմարտության պահը: Անկախ քաղաքական, գաղափարական տարաձայնություններից, կուսակցական շահերից՝ կա մի կարևորագույն հարց. ազատ և արդար ընտրություններ ապահովելու երաշխիքը: Սա այն հարցն է, որի շուրջը պետք է միավորվեն բոլոր քաղաքական ուժերը: Իսկ եթե այդպիսի միավորում տեղի չունեցավ, ապա այդ ուժերը որևէ բարոյական իրավունք չունեն ժողովրդի անունից հանդես գալու»,- հավելեց Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ հանրությունը պետք է հստակ ճանաչի և իմանա, թե ովքեր են իր քաղաքական դեմքերը: Եթե ընտրությանը մասնակցող կուսակցությունը քայլ չի կատարում ազատ և արդար ընտրությունների ապահովման համար, ապա դա նշանակում է, որ ինքը դեմ է ազատ և արդար ընտրությանը: «Դա նշանակում է, որ ինքը ոչ թե ընտրության է գնում, այլ գնում է իշխանությունների հետ պայմանավորվածության իրագործման: Իրենք ոչ թե ընտրությունն ու ընտրողին են կարևորում, այլ խախտում կատարած քաղաքական ուժի հետ պայմանավորվածության կատարումը: Իսկ դա դեմ է ՀՀ անվտանգությանը, կայունությանը և առաջընթացին»,- ասաց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցն ասաց, որ դեռ տեղեկություն չկա՝ քաղաքական որևէ ուժ պատրաստվո՞ւմ է այդ պահանջով դիմել ԿԸՀ, թե՞ ոչ: «Ես հրապարակավ կոչ եմ արել միավորվել և գնալ այդ քայլին: Մնացածը կախված է քաղաքական ուժերից, թե որքանով նրանք կամք կգտնեն իրենց մեջ: Որոշակի արձագանք արդեն կա՝ կարծիքներ, մոտեցումներ են հայտնում քաղաքական ուժերը: Կարծում եմ՝ օրակարգ կձևավորվի»:
Արթուր Սաքունցը նշեց, որ եթե ամեն դեպքում քաղաքական ուժերը չդիմեն ԿԸՀ, կամ դիմելու դեպքում ԿԸՀ-ն պատշաճ գնահատական չտա կատարվածին, իրենք դրա մասին կբարձրաձայնեն, տեղյակ կպահեն միջազգային կառույցներին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Վենետիկի հանձնաժողովին, բոլոր այն կառույցներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնել ազատ և արդար ընտրություններ անցկացնելու: