Մոսկվան ռազմական ոստիկանության անվան տակ այլ զինված խմբե՞ր է ներդնում Հայաստանում
10:48, March 28, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններLragir.am-ի զրուցակցին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Երևանում հայտարարեց, թե Ռուսաստանը դասեր է քաղել Ադրբեջանին մեծ քանակի զենք մատակարարելու գործընթացից և որ հետագայում այդ քանակի մատարարում այլևս չի լինի: Նա երկրորդ ռուս պաշտոնյան է, ով մեկ ամսվա ընթացքում Երևանում նման հայատարորությամբ է հանդես գալիս, ի՞նչ է կատարվում:
Զատուլինն անընդհատ նման հայտարարություններ անում է, բայց նա չէ որոշողը՝ զենքը վաճառել, թե ոչ: Այդ որոշումը կայացնում է անձամբ Պուտինը, իսկ նրա կողմից զղջալու կամ զենքի վաճառքը դադարեցնելու մասին խոսք չկա: Այսինքն՝ այստեղ խոսք չպետք է լինի այն մասին, որ միայն Ադրբեջանին զենք չպետք է վաճառվի, այլ պետք է ընդհանրապես կոնֆիկտի գոտում չխթանել սպառազինությունների մրցավազքը: Դա ուղղակի մտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մեջ, և հիմնական սկզբունքներից մեկն է միայն խաղաղ ճանապարհով խնդրի լուծումը: Իսկ եթե Ռուսաստանը զենք է մատակարարում, բնականաբար սպառազինությունների մրցավազքն ակնհայտորեն հակասում է հակամարատությունը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին: Այնպես որ, երբ Զատուլինը խոսում է միայն Ադրբեջանի մասին, եթե իրեն լուրջ քաղաքական գործիչ է համարում, եթե իր համարձակությունը կհերիքի, պետք է նաև քաղաքական գնահատական տա հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիության մասին:
Իսկ արժանահավա՞տ են այն հայտարարությունները, թե հետագայում մեծ ծավալի սպառազինության մատակարարում չի լինի ՌԴ կողմից:
Ոչ, ի վերջո պայմանագրեր են կնքվում, այդ պայմանագրերը չեղյալ հայտարարելու մասին դեռևս խոսք չկա: Բայց ինձ չի հետաքրքրում, թե ինչ կասի Զատուլինը, ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ կասի Սերժ Սարգսյանը: Կարևոր է, թե ՀՀ իշխանություններն այս ամենի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն:
Այս հայտարարություններին զուգահեռ Գյումրիի ռուսական ռազմաբազայում ռազմական ոստիկանության ռուսական ստորաբաժանում է տեղակայվում: Սա ի՞նչ է նշանակում:
Այո, այս հայտարարություններին զուգահեռ ռազմական ոստիկանություն տեղակայելու որոշում է սողոսկում: Ռուսական Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ներխուժում են ՀՀ տարածք: Այսինքն՝ խոսքերով ինչ-որ հաճոյախոսություններ են հնչում, բայց զուգահեռ նման գործողություններ են անում: Ռուսները ասում են, թե իբր չէին հասկանում, որ այդ զենքը Հայաստանի դեմ էր օգտագործվելու: Բայց շատ լավ էլ հասկանում էին, որ այդ զենքը ձեռք բերելը նպատակ ունի այն օգտագործել: Իսկ որտեղ պետք է օգտագործել, հո չեն գնալու Կասպից ծովում օգտագործեն կամ հենց Ռուսաստանի դեմ: Որտեղ խնդիր կա, այնտեղ են օգտագործելու, և հենց դրա համար են այդ զենքը գնել: Իսկ այդ պարզ ճշմարտությունը Զատուլինը կամ ռուս քաղաքական գործիչները չէին կարող չհասկանալ: Բայց, նորից կրկնեմ, այս հաճոյախոսությունն ու մեղքի զգացման մասին խոստովանությունն արվում է այն ժամանակ, երբ ռուսները ՀՀ տարածքում ընդլայնում են իրենց ռազմական ներկայությունը: Հայ-ռուսական որևէ միջպետական պայմանագրով նախատեսված չէ, որ ռուսները պետք է Ռազմական ոստիկանություն ունենան այստեղ:
Ի՞նչ նպատակ ունի այս որոշումը:
Այն, որ ռուսական ռազմական ներկայությունն այստեղ ընդլայնվում է, դա միայն ու միայն բխում է Ռուսաստանի աշխարհքաղաքական ծրագրերից՝ պայմանավորված Միջին Արևելքում իրադարձությունների բուռն զարգացմամբ: Եվ դրան են ուղղված նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սպառազինությունների ու ռազմական կարողությունների հզորացման մասին հայտարարությունները: Ուղղակի Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես Հարավային ռազմական օկրուգի ինչ-որ տարածք: Եվ առանց հայկական կողմին տեղյակ պահելու կամ գուցե տեղյակ են պահել, բայց հայկական կողմը հակազդելու որևէ ռեսուրս չունի, իրենք այդ ռազմական ներկայությունն ընդլայնում են նաև Հայաստանում: Բայց խնդրի հասցեատերը հանդիսանում են ՀՀ իշխանությունները, որոնք բերանները ջուր առած ինչ ասեն, լսում են, իրենց գլխով կամ խոսքով հավանություն են տալիս և աջակցություն են հայտնում ՌԴ քաղաքականությանն ու գործողություններին, եթե նույնիսկ այդ քաղաքականությունն ակնհայտ հակասում է ՀՀ շահերին:
Ցավոք սրտի, ոչ միայն մեր իշխանություններն են այդ քաղաքականությունը վարում, այլ ընդդիմությունն էլ այդ դիրքորոշումն ունի: Հայաստանյան ընդդիմությունն իրեն զգում է Հայաստանը որպես Ռուսաստանի ֆորպոստ կարգավիճակն ընդունողի դերում:
Իսկ հնարավո՞ր է, որ այս փուլում ռուսական Ռազմական ոստիկանության ներկայության ապահովումը Հայաստանում նաև կապ ունի Հայաստանում սպասվող ներքաղաքական զարգացումների հետ:
Չեմ կարծում, որ Ռուսաստանին լրացուցիչ հնարավորություններ են պետք Հայաստանում ներքաղաքական իրավիճակն իր հսկողության տակ վերցնելու համար: Այստեղ բուն թեման, նորից եմ կրկնում, այն է, որ ՀՀ տարածքը ՌԴ կողմից դիտարկվում է որպես ռազմական բազայի տեղադրման կամ գտնվելու տարածք՝ Մերձավոր Արևելքում իր աշխարհքաղաքական շահերն իրականացնելու համար: Այսինքն՝ ՌԴ-ն, հանձին թե իշխանության, թե ընդդիմության, արդեն իսկ վերահսկում է Հայաստանի Հանրապետությունը: Այնպես որ, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումն այն միջոցը չէ, որը պետք է ՌԴ-ին, որպեսզի հանդես գա իր քաղաքականությունը քննադատողների դեմ:Այստեղ այլ հարց է ծագում՝ իսկ արդյոք դրանք իսկապես Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ են, արդյո՞ք այդ անվան տակ բոլորովին այլ զինված ստորաբաժանումներ չեն ներդնում Հայաստանում: Մենք հենց Սիրիայի օրինակով տեսանք, որ պաշտոնապես մեկ բան են հայտարարում, որ իբր թե Ռուսաստանն այնտեղ ներկայություն չունի, բայց իրականում ՌԴ իշխանությունների աջակցությամբ են, այսպես կոչված, պայմանագրային ծառայողները հայտնվել այնտեղ: Իսկ հայկական կողմը բացարձակապես չունի որևէ վերահսկողություն ռուսական բազայի գործունեության և ռուսական ռազմական ներկայության նկատմամբ: