Վերագտած կյանք Սպիտակի խնամքի տանը
21:01, April 27, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2016թ. մայիսից Լոռու մարզի Սպիտակ համայնքում գործում է Սպիտակի խնամքի տունը սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Խնամքի տանը ապրում է տասը հոգի, որոնցից վեց հոգին մինչ այդ երկար ժամանակ գտնվել են սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրող փակ տիպի հաստատություններում, և Խնամքի տուն տեղափոխվելով՝ վերջապես ազատ ապրելու հնարավորություն են ստացել։ Մյուս չորս բնակիչները ժամանակին կարողացել են խուսափել փակ տիպի հաստատություն գտնվելուց և հիմա իրենց կյանքը ինքնուրյուն կազմակերպելու հնարավորություն են ստացել:
Սպիտակի խնամքի տանը բոլոր բնակիչներն իրենց կյանքն իմաստավորելու, վերագտնելու ճանապարհին են: Երկար տարիներ անգործության մատնվելուց հետո նրանք թեկուզ կարճաժամկետ, բայց առաջին անգամ աշխատելու և ապրուստի միջոցներ վաստակելու հնարավորություն են ստացել։ Բնակիչներից մեկը մասնագիտությամբ մանկավարժ է և խնամքի տան աշխատակիցներից մեկի թոռնիկին օգնում է դասապատրաստմանը։
Խնամքի տան բնակիչներից մեկը Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում անցկացրած 16 տարիների ընթացքում հազվադեպ է ընտանիքի անդամների հետ շփվել, իսկ Սպիտակի խնամքի տուն տեղափոխվելուց հետո այցելում է նրանց գիշերակացով, ընտանիքի անդամների հետ գնումների է գնում, հետաքրքիր ժամանակ անցկացնում։ Մեկ այլ բնակիչ Վարդենիսի տուն-ինտերնատում գտնվելու ընթացքում երբևէ չի հանդիպել ընտանիքի անդամների հետ, բայց Սպիտակի խնամքի տան միջոցով վերականգնվել են նրա կապերը իր ընտանիքի հետ:
Սպիտակի խնամքի տունը յուրաքանչյուր բնակչի հնարավորություն է տվել ազատ լինելու, ինքնադրսևորվելու, վերադառնալու հասարակություն, ինքնարժևորելու սեփական գոյությունն ու կյանքը:
Տես տեղեկանք «Սպիտակի խնամքի տուն՝ ինստիտուցիոնալ համակարգից անցում համայնքահեն ծառայության»
Լուսանկարները՝ Սպիտակի Խնամքի տան ֆեյսբուքյան էջից