Մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի հարազատները չեն հավատում մահվան պատճառի պաշտոնական վարկածին
10:46, July 27, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՀ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2018 թ.-ի հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային 1999 թ.-ին ծնված Ժորիկ Վահագի Պետրոսյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումով:
ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեմքի շրջանում՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով։ Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով։
Երեկ՝ հուլիսի 26-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի եղբոր՝ Սամվել Պետրոսյանի հետ՝ տեղեկություններ ստանալու նպատակով:
Զինծառայողը զորակոչվել էր 6 ամիս առաջ՝ 2018 թ.-ի հունվարին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի տարածքային զինվորական կոմիսարիատից։ Ծառայում էր Վայքի զորամասում։ Ժորիկ Պետրոսյանը ընտանիքի հետ բնակվում էր Գոգարան գյուղում։
Եղբոր խոսքերով՝ մոտ մեկ ամիս առաջ Ժորիկ Պետրոսյանին տրամադրվել էր արձակուրդ, որի ընթացքում որեւէ դժգոհություն զինծառայողը չի հայտնել իր ծառայության մասին։
Արձակուրդից վերադառնալուց հետո՝ հուլիսի 22-ին, առաջին անգամ Ժորիկ Պետրոսյանին ներգրավել են մարտական հերթապահության մեջ, ըստ եղբոր խոսքերի՝ իր իսկ ցանկությամբ։ Հաջորդ օրը՝ հուլիսի 23-ի երեկոյան ժամը 17։30-18:00-ի սահմաններում, զինծառայողի մայրը հեռախոսով խոսելիս է եղել որդու հետ, երբ լսել է տղամարդու բարձր ձայն, որին հաջորդել է ուժգին աղմուկ՝ «դմբոց», եւ հեռախոսազանգն ընդհատվել է: Դրանից հետո հարազատներին այլևս չի հաջողվել կապ հաստատել նրա հետ։
Հուլիսի 24-ին զինծառայողի հարազատներին Սպիտակի տարածքային զինվորական կոմիսարը հարազատներին հայտնել է զինծառայողի մահվան լուրը: Հաջորդ օրն արդեն մահացածի մարմինը մի քանի հոգով տեղափոխել են գյուղ, որոնց մեջ են եղել Վայքի զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, 2 այլ սպաներ, Ժորիկ Պետրոսյանի 2 համածառայակիցներ, 2 հոգի ռազմական ոստիկանությունից և ևս 1 ուղեկցող ՃՈ աշխատակից։ Նրանք շատ կարճ՝ մոտ 5 րոպե տևողությամբ զրույց են ունեցել զինծառայողի հոր հետ եւ հեռացել։
Դիակի զննության ժամանակ արձանագրվել են ճակատի աջ մասում երկու փոքր քերծվածք, որին նաեւ ներկա են եղել զինծառայողի հարազատները։
Դիահերձարանի աշխատակիցը նրանց ցույց է տվել զիծառայողի ճակատի հատվածում և ականջից քիչ վեր ընկած՝ մազածածկ հատվածում առկա վնասվածքները, որոնք, ըստ դիահերձարանի աշխատակցի, վկայում են բութ գործիքով հարվածի մասին, որը սակայն ենթադրություն է։ Այս հանգամանքը զինծառայողի հարազատներին ստիպում է չհավատալ զենքի հետ վարվելու կանոնների խախտման մասին պաշտոնական վարկածին: Բացի դրանից՝ զինծառայողի եղբայրը կասկածի տակ է դնում այդ վարկածը՝ հաշվի առնելով մահացած եւ զենքը կիրառող զինծառայողների միջեւ հեռավորությունը եւ հրազենային վնասվածքի տեղակայումը:
Սամվել Պետրոսյանի խոսքերով՝ դատաբժշկական փորձաքննության ժամանակ Վայքի զորամասից Երևան ժամանած սպաներից մեկը իր այն հարցին, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, հայտնել է, թե «դեպքի պահին Ժորիկ Պետրոսյանը եղել է կապի պատասխանատու։ Գետնատնակի («բլինդաժ») արթուն հերթափոխ հանդիսացող իր ծառայակիցը ժամանակից շուտ լքել է դիրքը՝ գնալով լվացվելու։ Ժորիկ Պետրոսյանն այդ ընթացքում լիցքաթափել է ծառայակցի ԴԴՀ (СВД) հրացանի փափշտատուփը՝ այնտեղ շփոթմամբ թողնելով 1 փամփուշտ։ Վերադառնալով ծառայակիցը հարցրել է Պետրոսյանին, թե արդյոք նա է դատարկել իր հրացանի փամփշտատուփը, վերջինս տվել է դրական պատասխան։ Այնուհետև դեռևս անհայտ պատճառով ծառայակցի կողմից արձակվել է կրակոց, որը դիպել է Ժորիկ Պետրոսյանին՝ դեմքի հատվածում եւ դուրս եկել նույն ուղղությամբ մեջքից՝ թիկունքի հատվածում՝ առաջացնելով երկու անցք»։
Սամվել Պետրոսյանը ենթադրում է, որ Ժորիկ Պետրոսյանը կրակոցի արձակման պահին գտնվել է կրակողից ցածր և գլուխը թեքած դիրքում։ Ընդ որում, ելքային՝ թիակի շրջանում առկա է եղել ոչ թե մեկ, այլ երկու անցք։ Ըստ դատական բժշկի ենթադրության՝ դա կապված կարող է լինել փամփուշտի հարվածի արդյունքում ոսկորը վնասվելու հետ, ինչի արդյունքում թիակի հատվածում երկրորդ վնասվածքն առաջացրել է վնասված ոսկորը։
Սամվել Պետրոսյանի համար տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս ջոկի հրամանատարը զինծառայողների հետ չի եղել։ Այնտեղ գտնվել է դիրքի ավագը և ևս 6-7 զինծառայողներ։ Սամվել Պետրոսյանի խոսքերով՝ դիրքի ավագը, որը զինծառայողների համար անմիջականորեն պատասխանատու անձն է մարտական դիրքում, այս ողջ ընթացքում զորամասից իրենց այցելածների թվում չի եղել, նրա մասին որեւէ մանրամասնություն չի ներկայացվում։ Ավելին՝ հուլիսի 25-ին զորամասի սպաներից մեկն առանձին հանդիպել է զինծառայողի եղբորը, և Սամվել Պետրոսյանի այն հարցին, թե որտեղ է այժմ դիրքի ավագը, սպան հայտնել է, որ նա իրեն մտերիմ անձ է և ինչպես Սամվել Պետրոսյանն է ենթադրել իրենց խոսակցությունից, փորձել է հասկացնել, որ քանի որ գործով արդեն իսկ կա ձերբակալված անձ, ապա կարիք չկա այլ անձանց ներգրավելու գործի մեջ։
Այսօր՝ 2018 թ. հուլիսի 27-ին, կայանալու է զինծառայողի հուղարկավորությունը: