Առողջական խնդիրներ ունեցող ցմահ դատապարտյալին դեղորայք չեն տրամադրում. վերջինս հացադուլ է հայտարարել
10:07, October 27, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներ«Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, տեղաշարժվում է հենակների օգնությամբ:
Այս մասին ահազանգել է վերջինիս եղբայրը՝ Հուսիկ Մարուքյանը՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Նրա պնդմամբ՝ բանտային խոնավ պայմանների հետևանքով Վ. Մարուքյանը առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել և վերջին երեք-չորս տարիներին բուժում է ստացել Դատապարտյալների հիվանդանոցում, ապրում է դեղորայքով, երրորդ կարգի հաշմանդամ է:
Այս տարվա հոկտեմբերի 13-ին Բժշկական աշխատանքային հանձնաժողովի որոշմամբ Դատապարտյալների հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, Հուսիկ Մարուքյանի պնդմամբ, նրան որևէ դեղամիջոց չի տրամադրվել, որից հետո ի նշան բողոքի հայտարարված հացադուլը շարունակվում է մինչ օրս:
Հաշվի առնելով պետության պատասխանատվությունը իր իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ՝ Վահագն Մարուքյանի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկելու հարցով 2016 թ. հոկտեմբերի 26-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ Արադարադատության նախարարություն: