«Երկու աթոռների վրա միաժանանակ նստողների հետ գիտենք ինչ է լինելու». Սաքունց
17:23, November 27, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱնցկացված հարցումները փաստում են, որ Հայաստանի հանրությունը կողմնորոշված է դեպի Եվրամիության հետ համագործակցություն, այսօր խորհրդարանում հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ելույթ ունենալով ԵՏՄ-ից դուրս գալու հայտարարության նախագծի լսումների ժամանակ:
«Իրողությունը հետևյալն է, որ ԵՏՄ անդամագրման ժամանակ բերված բոլոր այն հիմնավորումները՝ ամոթխած, թե համարձակ, դրանք մինչև հիմա որևէ փաստական հիմքով չեն ապացուցվել», ասաց Սաքունցը:
Նա տվյալներ ներկայացրեց, թե ինչ իրավիճակներ են ԵՏՄ անդամ երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսանկյունից: Ըստ միջազգային զեկույցների՝ 2013 թվականին Ռուսաստանը դեռևս համարվում էր մասնակի ազատ, իսկ հիմա ընդհանրապես ոչ ազատ երկիր է, կոռուպցիան այդ երկրում ծաղկում է:
Քաղաքական հետապնդումների մասին զեկույցները փաստում են, որ ՌԴ-ում 150-ից անցել են քաղաքական հետապնդումների դեպքերը: ԵՏՄ անդամ Բելառուսում մահապատիժը դեռևս չի վերացվել, ՌԴ-ում էլ մահապատիժը վերականգնելու մասին տեղեկություններ կան: Այսինքն՝ միջազգային կանոնների բացարձակ ոտնահարում է այս երկրներում:
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներում անցկացվող ընտրություններին՝ Սաքունցն ասաց, որ դրանք ընդամենը միջոցառումներ են, ընտրակաշառքների լայնածավալ կիրառում կա:
«Այս անդամ պետություններին բնորոշ է համակարգային անպատժելիությունը, բացարձակ անհաշվետվողականությունը և անպատասխանատվությունը սեփական ժողովրդի առաջ»,- ասաց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի խոսքով՝ ԵՏՄ-ն Պուտինի նախաձեռնությունն է, իսկ նպատակը իշխանության տարածումն է հետխորհրդարային տարածքի վրա: «Ինչպիսի՞ իշխանության՝ ակնհայտ բռնապետական: Ինչպիսի տնտեսություն՝ այդպիսի քաղաքականություն: Չի կարող մի երկրում տնտեսությունում լինի բարեփոխում, եթե այդ երկրում մարդու իրավունքները չեն պաշտպանվում», նշեց նա:
Եվրամիությունում էլ, ըստ Սաքունցի, կան շատ խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծելու կամք կա, ոչ թե Վլադիմիր Պուտինի, կամ Սերժ Սարգսյանի կամ էլ Նազարբաևի ցանկությամբ են լուծվում հարցերը: Նման երկրների նկատմամբ, բնականաբար, վստահություն չկա, ներդրողը չի գալիս երկիր:
“Օրերս կնքված ԵՄ հետ գոծընկերության համաձայնագիրը ենթադրում է բազմաթիվ հանձնառություններ, այդ թվում՝ տնտեսական, որոնց իրականացումն առանց ԵՏՄ-ից դուրս գալու հնարավոր չէ: Եթե որևէ մեկը կփորձի դա հերքել, խաբեություն է, չի կարող ապագա լինել մի տեղ, որտեղ որոշումը կայացվում է մեկ անձի կողմից: ԵՏՄ-ն ու ԵՄ-ն տրամաբանորեն չեն կարող համատեղվել, իսկ երկու աթոռների վրա միաժանանակ նստողների հետ գիտենք ինչ է լինելու”, հավելեց Արթուր Սաքունցը: