Դիտավորյալ սխալներ անելու ճանապարհով կոծկվեց Միհրան Պողոսյանի դեմ քրգործը
13:50, January 28, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԾ-ն կարճել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ օֆշորային հայտնի հրապարակումների հիման վրա հարուցված քրեական գործը:
Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցին ՀՔԾ-ից հայտնել են, որ գործը կարճվել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրության հիման վրա, ըստ որի՝ նրանք չեն կարող բավարարել Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը:
Սակայն, ինչպես պարզվեց, օրեր առաջ ոչ թե Շվեյցարիայի պատկան մարմիններն են հրաժարվել բավարարել միջնորդությունը, այլ հայկական կողմի միջնորդությունը չի համապատասխանել միջնորդության պահանջներին, այսինքն`պատշաճ կազմված չի եղել:
Ստացվում է, որ հայկական կողմը նման կարևորագույն գործի քննությունը հանձնել է մասնագիտական կարողություններում հմտություն չունեցող քննչական խմբի: Կամ, որ ավելի հավանական է, եղել է հրահանգ տվյալ գործին վերաբերվել որպես խիստ անկարևոր գործի:
Հակառակ դեպքում շվեյցարական կողմի պատասխանը պետք է անհապաղ գործը վերաբացելու առիթ հանդիսանար:
NewsBook-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց պարզել՝ արդյո՞ք ի հայտ եկած նոր հանգամանքը գործի վերաբացման պատճառ կդառնա: Իրավապահ կառույցից մեզ հստակ պատասխան չհաջողվեց ստանալ: Խոսնակ Մարինա Օհանջանյանը խոստացավ հարցին պատասխանել ավելի ուշ:
Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք մեր ընթերցողին:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք իրավապաշտպան Արթուր Սաքունցից:
Վերջինիս խոսքով՝ Պողոսյանի հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու համար Շվեյցարիայի փաստաթղթեր պետք չեն, ՀՀ-ում նրա կատարած գործունեությունը լրիվ բավական է:
«Այստեղ խնդիրը իրավական սխալը կամ ճիշտ ձևակերպումները չեն, հարցը հետևյալն է՝ կա՞ ցանկություն այդ քրեական գործը բացահայտելու: Հանցագործության բացահայտմամբ գործում կա՞ր ձգտում, ես ասում եմ` ոչ: Եվ ամենաձևական պատրվակներ գտնելու, դիտավորյալ սխալներ անելու ճանապարհով փորձեցին կոծկել գործը: Քրեական հետապնդումը չիրականացվեց Միհրան Պողոսյանի հանդեպ: Օրը ցերեկով հայտարարվում է բանանի մենաշնորհի մասին, պետք չէ գնալ-հասնել Շվեյցարիա, հենց մեզ մոտ է: Եթե ցանկություն լիներ, վաղուց քրեական գործ կհարուցվեր: Կամ նույն Սաշիկ Սարգսյանի մասին պետք է Պանամայի թղթե՞ր լինեն, որ քրեական գործ հարուցեն, կամ նույն Սերժ Սարգսյանի: 60 տոկոս աղքատություն ունեցող երկրում մարդիկ կան՝ դոլարային միլիոնատերեր են, էլ ի՞նչ փաստեր եք ուզում: Օրը ցերեկով հրապարակվում է քրեական հեղինակությունների հետ Սերժ Սարգսյանի համագործակցության մասին: Սրա համար Պանամայի թղթե՞ր են պետք»,- ասաց Սաքունցը:
Նրա հավաստմամբ Հայաստանում քաղաքական կամքը բացակայում է, կա միայն կրիմինալ կամք:
«Մեզ մոտ քաղաքական կամք չկա, մեզ մոտ կա կրիմինալ կամք, կրիմինալ կանոններն են որոշիչ, ոչ մի իրավական նորմ որոշիչ չէ: Իրավական նորմերը ընդամենը շղարշ են կրիմինալ կանոնները փաթերթավորելու և ներկայացնելու համար,- եզրափակեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: