Դատարանը բժշկուհի Ա. Պետրոսյանի մասնակցությամբ երկու քրեական գործերը կքննի մեկ վարույթում
12:07, March 28, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք | Կարինե Հովհաննիսյան2016 թվականի մարտի 23–ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ 2015 թվականի հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բժկուհի Ա. Պետրոսյանը ներգրավված է միանգամից երկու քրեական գործում, վերջինս մեղադրվում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով. Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ, մանկահասակ Է. Ամիրխանյանին բժշկական օգնություն ցուցաբերելիս իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
2016 թ. մարտի 23-ի դատական նիստի ընթացքում Դատարանը մեղադրողի միջնորդության հիման վրա որոշում կայացրեց երկու քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում քննելու վերաբերյալ:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին Է. Ամիրխանյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Սերգեյ Ամիրխանյանը և գործով ներգրավված վկաներ՝ Արմավիր ԲԿ-ի չորս բուժաշխատողներ, որոնց ցուցմունքները կրկին Ա. Պետրոսյանի օգտին էին:
Դատավարության կողմերի հարցերին վկաների կողմից տրված պատասխաններից կարելի է եզրակացություն կազմել հարցաքննվող բուժաշխատողների մասնագիտական պատրաստվածության մասին:
Հաջորդ դատական նիստին կշարունակվի գործով ներգրավված այլ վկաների հարցաքննությունը: Դատարանը կլսի մահացած Է. Ամիրխանյանի մորը և դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետին:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2016 թ. ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին:
Տես նաև՝ hcav.am