ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2014-2015ԹԹ.-ԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
17:32, June 28, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեդիա կենտրոնում անցկացված ասուլիսի ժամանակ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց նոր զեկույցը Հայաստանում 2014-2015 թթ-ին իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ:
Ասուլիսին մասնակցում էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման մասնագետ Անուշ Համբարյանը:
«Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեպքում մենք կանխատեսել էինք, որ այն վատ կանդրադառնա նաև մարդու իրավունքների վրա: Այդ արդյունքները մենք տեսնում ենք ներկա իրավիճակում: Մարդու իրավունքների խախտումների բավականին աճ է գրանցվել, և այդ աճը հենց վկայում է նրա մասին, որ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններն ավելի խոցելի են դարձել»,-նշեց Վարդինե Գրիգորյանը:
Բանախոսը նախ հստակեցրեց, որ զեկույցում որպես իրավապաշտպան գործունեություն ծավալող նկատի են առնված ՄԱԿ-ի սահմանման համաձայն՝ քաղաքացիական ակտիվիստները, փաստաբանները, լրագրողները եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները:
Ապա, ներկայացնելով դիտարկվող ժամանակահատվածի վերաբերյալ տվյալները, նշեց, որ զեկույցում ներկայացված են իրավապաշտպանների հետ կապված 162 դեպք, որոնցից 63-ը տեղի են ունեցել 2014թ., իսկ 99-ը 2015թ.-ին: Այդ դեպքերին զուգահեռ ներկայացված են նաև դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները և այն իրավունքը կամ իրավունքները, որոնք ենթադրաբար խախտվել են միջադեպի ընթացքում:
Ներկայացնելով զեկույցի ընթացքում արձանագրված ընդհանուր միտումները՝ բանախոսը նշեց, որ 2015 թվականին հավաքների ազատության առումով իրավունքների խախտման դեպքերը կրկնապատկվել են:
«Եթե նախորդ տարիներին ունեցել ենք նույնիսկ հավաքների արգելման դեպքեր, հիմա արդեն ունենք շատ ընտրողական, կամայական վերաբերմունք հավաքների մասնակիցների նկատմամբ: Այս առումով չեմ կարող չնշել «Հիմանդիր խորհրդարան»-ի հավաքները: Այստեղ կա մասնավորապես ոստիկանության ու քաղաքապետարանի միտումը՝ հնարավորինս սահմանափակելու, արգելելու կամ ճնշելու այն հավաքները, որոնք ներկայացվում են այս կառույցի կողմից»,-Գրիգորյանը:
Բանախոսի խոսքով՝ 2015 թվականին խախտումներ են արձանագրվել 47 հավաքների ընթացքում, որոնց բացարձակ մեծամասնության՝ 32 դեպքում անձն ապօրինի բերման է ենթարկվել:
Զեկույցի հեղինակը մասնավորեցրեց, որ 2014 և 2015 թվականներին տեղի ունեցած հավաքների ընթացքում ոստիկանություն են տարվել հարյուրավոր ցուցարարներ:
«Եթե 2013թ. հավաքների առնչությամբ բերման է ենթարկվել մոտ 245 անձ, որից 38-ը բերման էին ենթարկվել 2013թ. նոյեմբերի 5-ին, իսկ 110-ը՝ դեկտեմբերի 2-ին, ապա 2014թ. հավաքների առնչությամբ բերման է ենթարկվել 106 անձ, իսկ արդեն 2015թ-ին՝ 472 անձ: Նշենք, որ վերջին տվյալի հետ կապված միայն 237 հոգի բերման էր ենթարկվել մեկ օրում՝ 2015թ. հունիսի 23-ին՝ Էլեկտրիկ Երեւանի ցույցի ընթացքում»,-ասաց Գրիգորյանը:
Նա նկատեց, որ անազատության մեջ գտնվելու մասին քաղաքացիների բողոքները հիմնականում անտեսվել են, իսկ փոխհատուցման կամ իրավունքների վերականգնման մեխանիզմ գոյություն չունի:
Զեկույցի հեղինակներից Անուշ Համբարյանն էլ նշեց. «Դեպքերի մեծ մասը կապված են եղել խաղաղ, անզեն հավաքների հետ: Ոստիկաններն են ավելի շատ խախտում իրավապաշտպանների իրավունքները, բայց շատ դեպքերում իրենց հայտարարություններով փորձում են տպավորություն ստեղծել, որ փորձում են հավաքի մասնակցի իրավախախտումը կանխել, հետագայում պատժել, բայց հավաքների ազատության մասին օրենքի տրամաբանությունն ասում է, որ եթե նույնիսկ վարչական իրավախախտում է կատարվում, ապա ոստիկանը լիազորություն չունի ցրել հավաքը՝ հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքը խախտելով»:
Անուշ Համբարյանը նաեւ արձանագրեց, որ ակտիվիստների դեմ ոստիկանության հայցերը հիմնականում դատարանները բավարարել են, իսկ ակտիվիստների հակընդդեմ հայցերը՝ մերժել: 2014-2015թթ. գրանցված միջադեպերից միայն մեկի դեպքում է ծառայողական քննության արդյունքում հարուցվել քրեական գործ, իսկ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են:
Ըստ զեկույցի՝ իրավունքի վերականգնման տեսանկյունից՝ ամենից խնդրահարույցը շարունակում է լինել դատական իշխանության անկախության բացակայությունը: Իրավապաշտպանների օգտին կայացված հազվադեպ դատավճիռները վկայում են միայն համատարած ընտրողական արդարադատության մասին և ամրապնդում են իրավական անորոշության ու կամայականության մթնոլորտը: Բազմաթիվ դեպքերի քննությունը ներկայումս կասեցված է մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Կիմ Մինասյանի, Լուսինե Հարությունյանի և Վարդգես Գասպարիի դիմումի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը:
Վարդինե Գրիգորյանը առանձնացրեց եւս մեկ կարեւոր խնդիր. երբ փորձ է արվում իշխանական քարոզչության եւ հանրային տրամադրությունների ուղղորդման միջոցով բացասական վերաբերմունք ձեւավորել իրավապաշտպանների նկատմամբ:
«Այսօր Հայաստանում խնդիր է ոչ թե հանցագործութունների իրականացումը, այլ այդ հանցագործությունների մասին խոսել»,-արձանագրեց բանախոսը:
Տեղեկացնենք, որ զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Սիգրիդ Րոզինգ Թրասթի ֆինանսական աջակցությամբ:
Մանրամասն՝ տեսանյութում