Հովհ. Մոսյանի գործով նշանակվեց դատաքննություն
17:02, June 28, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2016 թ. հունիսի 28-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Կ. Բաղդասարյանի, շարունակվեց Հովհ. Մոսյանի վերաբերյալ` բժշկական հանձնաժողի որոշման դեմ ներկայացված հայցի քննությունը, որով վերջինս պահանջել է վերացնել ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 10 ամիս ժամկետով տարկետում տրամադրելու վերաբերյալ 2016 թվականի հունվարի 21-ի որոշումը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր իրականացված վարչական վարույթի նյութերը պատասխանողից պահանջելու նպատակով:
Նախնական դատական նիստը կայացավ հայցվորի ներկայացուցիչներ Գոհար Մոսյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ: Չնայած պատշաճ ծանուցված լինելուն՝ պատասխանող կողմը դատական նիստին կրկին չէր ներկայացել: Հայցվորի ներկայացուցիչները չառարկեցին, և դատական նիստը շարունակվեց պատասխանող կողմի բացակայությամբ:
Նախագահող դատավոր Կ. Բաղդասարյանը հայտնեց, որ ՀՀ զինվորական կոմիսար Հ. Մուրադյանը դատարանին է տրամադրել իրականացված վարչական վարույթի նյութերը: Հայցվորի ներկայացուցիչներին դրանց ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով դատական նիստն ընդմիջվեց:
Այնուհետև Տ. Սիրադեղյանը, որպես ապացույց, դատարան ներկայացրեց ՀՀ Առողջապահության նախարարություն արված տեղեկատվության հարցման պատասխանը, համաձայն որի՝ Հովհ. Մոսյանի մոտ առկա հիվանդությունը և նրա նկատմամբ կիրառված հոդվածով նախատեսված հիվանդությունները, ըստ «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի», ունեն այլ ծածկագրեր, հետևաբար՝ Հովհ. Մոսյանի նկատմամբ չէր կարող տարածվել ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից կիրառված հոդվածը:
Այսպիսով՝ Դատարանը գործը համարեց դատաքննության նախապատրաստված: Դատաքննություն նշանակեց 2016 թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին: