Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով հարցաքննվեցին նաև ուղեկալի պետի տեղակալն ու զորամասի նախկին շտաբի պետը
12:34, June 28, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. հունիսի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լսեց զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով որպես վկա ներգրավված ուղեկալի պետի տեղակալ Հայկ Վարդևանյանին ու զորամասի նախկին շտաբի պետ Անդրանիկ Կարապետյանին։
Նրանք ներգրավվել էին ամբաստանյալներ Հ. Մուրադյանի և Մ. Ոսկանյանի պաշտպան Կ. Բարսեղյանի միջնորդությամբ:
Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, մեղադրող Ս. Խաչատրյանը, տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ավետիսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Անդրանիկ Կարապետյանը, կողմերի և դատարանի հարցերին ի պատասխան, ասաց, որ տեղյակ չի եղել սպաների խոզապահությամբ զբաղվելու մասին, զինվորներին նմանօրինակ աշխատանքներում ներգրավելը կանոնակարգով նախատեսված չէ, բայց և յուրաքանչյուր զինվոր ինքն է որոշում՝ օգնել, թե՝ ոչ: Ա. Կարապետյանը նշեց, որ թղթախաղ խաղալը ևս արգելվում է:
Հ. Վարդևանյանն էլ ասաց, որ խոզեր ունեցել են զորամասի բոլոր սպաները, բայց խոզերին կեր տարել են անձամբ, զինվորները դրան չեն մասնակցել: Ամբաստանյալ Հ. Մուրադյանի և մահացած Գ. Խաչատրյանի հարաբերությունները, նրա խոսքով, ընկերական էին: Այլ մանրամասներ չհիշեց, բայց հայտնեց, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները ճիշտ են:
Պաշտպան Կ. Բարսեղյանը միջնորդեց հարցաքննել նաև քննիչ Հ․ Հայրապետյանին ու քննչական բաժնի պետ Գ. Խալաթյանին։ Մեղադրողն առարկեց, իսկ դատարանը մերժեց միջնորդությունը:
Այնուհետև պաշտպանը դատարանին ինքնաբացարկ հայտնեց, որով հայտարարեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի:
Նույնը տեղի ունեցավ նաև այս միջնորդությունների հետ: Դատարանը կրկին մերժեց:
Սկսվեց դատական վիճաբանությունների փուլը:
Մեղադրող Ս. Խաչատրյանի մեղադրական ճառն ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով:
Հաջորդ դատական նիստը հուլիսի 19-ին է:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զորամասերից մեկում Գ. Խաչատրյանը հրազենային վնասվածքից մահացել է 2015 թ. նոյեմբերի 28-ին: Դեպքի հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հիմքով:
Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու (ՀՀ Քր. օր. 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով), իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ կամ իշխանության անգործության համար (ՀՀ Քր. օր. 375 հոդվածի առաջին մաս), ինչպես նաև զինծառայողին վիրավորելու (ՀՀ Քր. օր. 360 հոդված) և զինծառայողների կողմից մոլեխաղեր կազմակերպելու և մասնակցելու համար (ՀՀ Քր. օր. 364.1 հոդված) մեղադրանքներ են առաջադրվել նրա ծառայակիցներին ու վերադասներին: