«Սահմանադրական հեղաշրջման փորձ» կամ «իրավիճակային սահմանադրություն». կլոր սեղան
11:53, August 28, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններՆոր սահմանադրության նախագիծը կարելի է բնորոշել որպես նահանջի և խտրականության նախագիծ։ Այն հետքայլ է գործող սահմանադրությունից և այս տեսքով չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային. օգոստոսի 26-ին«Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտ»-ի կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Քննարկման թեման էր՝ «Մարդու իրավունքի դրույթները սահմանադրական փոփոխությունների նախագծում»:
Արթուր Սաքունցի խոսքով՝ ամբողջ նախագծում բոլոր իրավունքների մասով հանված է «ժողովրդավարական հասարակություն» ձևակերպումը: Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ «ժողովրդավարություն» եզրույթը գործածվում է միայն առաջին հոդվածում, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։
«Իրավունքների սահմանափակման բոլոր դրույթներում բացակայում է «ժողովրդավարական պետություն» ձևակերպումը։ Ես սա անվանում եմ սահմանադրական հեղաշրջման փորձ»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հիմնական նպատակը ՀՀԿ-ի կայուն մեծամասնության ապահովումն է. Ավետիք Իշխանյան
Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ նկատեց, որ սահմանադրության նախագծում ամեն ինչ շատ մանրամասն է ներկայացված, ինչը խոսում է իրավակիրառ պրակտիկայի անառողջության մասին։ Իշխանյանը ակնարկ կատարեց նաև նախագծով ամրագրված՝ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպման անհրաժեշտությանը: Իշխանյանը մասնագիտական հանձնաժողովի անդամներին առաջարկեց ավելի ազնիվ լինել հանրության հետ և հայտարարել, որ վերը նշված դրույթի հիմնական նպատակը ՀՀԿ-ի կայուն մեծամասնության ապահովումն է։
«Ինձ համար այս փոփոխություններում ամենակարևորը իշխանության ձևավորումն է։ Այդ տեսանկյունից՝ երկրորդ փուլի կազմակերպման վերաբերյալ դրույթը փոփոխությունները դարձնում է փսևդո։ ԽՍՀՄ-ը նույնպես խորհրդարանական երկիր էր, բայց կար 6-րդ հոդված։ Նախագծի հեղինակներին առաջարկում եմ կուսակցությունների վերաբերյալ հոդվածում ամրագրել, որ հայ ժողովուրդը ճանաչում է ՀՀԿ-ի բացառիկ դերը հայ իրականության մեջ»,- հեգնեց Ավետիք Իշխանյանը։
Իրավիճակային սահմանադրություն. Հերիքնազ Տիգրանյան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էլ ասաց, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարելի է անվանել «իրավիճակային սահմանադրություն», քանի որ չունի հեռանկարային, զարգացող երկրին հատուկ հատկանիշներ:
«Եթե նախագիծն իրավիճակային է, ապա սահմանադրական անվանվել չի կարող»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը։
Սեփականության իրավունքի վերաձևակերպումը՝ նահանջ գործող սահմանադրությունից
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ առաջարկվող նախագիծն իրականում ոչ թե փոփոխությունների նախագիծ է, այլ նոր սահմանադրություն, որի մասին, սակայն, մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչները գերադասում են լռել։ Որպես դրական ձեռքբերում նշվեց համաչափության սկզբունքի ամրագրումը սահմանադրության նախագծում։
Զեյնալյանը նոր սահմանդրության ընդունումը համարեց փոխադարձ գույքագրման կամ, պայմանականորեն ասված, ժամերի նույնականացման գործընթաց, որը, հանրության սպասելիքների տեսանկյունից, կարևոր է։ Զեյնալյանը նախագծում սեփականության իրավունքի վերաձևակերպումը անվանեց նահանջ գործող սահմանադրությունից։
«Ունենք հետևյալ պատկերը. քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել, որ քաղաքացին զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից, քաղաքացին այդ սեփականության տերն է, իսկ նախագծով առաջարկվում է սեփականության օտարում իրականացնել առանց դատական վերահսկողության։ Սեփականությունն օտարվում է քաղաքացուց, և եթե քաղաքացին համաձայն չէ, ապա կարող է դիմել դատարան։ Սա նահանջ է»,- նշեց Արտակ Զեյնալյանը։
Ուշագրավ է, որ քննարկմանը հրավիրվել էին նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք, սակայն, միջոցառմանը չմասնակցեցին։
Պատրաստեց Արփի Մախսուդյանը