Ի՞նչ կապ ունեն ԱԱԾ-ի գործողություններն ու սահմանադրական հանրաքվեն
13:08, November 28, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրեւանի Նորք Մարաշ վարչական շրջանում երկու օր առաջ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբավորման փաստի վերաբերյալ հասարակական ընկալումները տարբեր են: Երեկ ԱԱԾ պետը՝ այսօր էլ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալն անդրադարձավ հանցավոր խմբի վնասազերծման գործողություններին: Armtimes.com-ը երեկվա միջադեպի վերաբերյալ զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
Պարոն Սաքունց, այսօր ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն իր ասուլիսում զավեշտալի է համարել այն մեկանաբանությունները, որ Նորք Մարաշում զինված խմբավորման վնասազերծումը բեմականացված է եղել: ԱԱԾ-ն ի՞նչ բացթողումներ է արել զինված խմբավորումը վնասազերծելիս, որ հանրային վստահություն չկա այդ գործողությունների հանդեպ:
-ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի ասուլիսն ըստ էության փորձ էր՝ հերքելու այն բոլոր գնահատականները, մոտեցումները, որոնք արտահայտվել էին իրենց կողմից այդ զինված խմբավորմանը եւ ահաբեկչական նպատակներ հետապնդող խմբի չեզոքացման վերաբերյալ: Երկրորդը՝ վերահաստատելու, որ իրապես բավական լուրջ միջոցառում են իրականացրել, բայց պետք է հիասթափեցնեմ եւ վերստին պնդեմ, որ ոչ թե հերքվեցին, այլ ավելի խորացան: Առաջին հերթին ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը ակնհայտ փաստեց, որ խումբն ունեցել է ահաբեկչական նպատակ: Այսինքն՝ այն տեղեկատվության արտահոսքը, որ սկզբից կար, որ խումբն ունեցել է ահաբեկչություն իրականացնելու նպատակ՝ փաստվեց եւ պետք է դրանից ենթադրել, որ ահաբեկչական գործողություն կատարելու տեղեկատվության աղբյուրը հանդիսանում է ԱԱԾ-ն: Խումբը որակում են որպես վտանգավոր, եթե ելնում ենք այդ գնահատականից եւ համադրում ենք նույն ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութը, թե ինչ գործողություններ են կատարվում խումբը վնասազերծելու ուղղությամբ, ապա տեսնում ենք շատ կարեւոր անհամապատասխանություններ: Այն ժամանակամիջոցը, որը ԱԱԾ-ի աշխատակիցները ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների հետ միասին իրականացնում են վնասազերծման ընթացքում, այդ թվում ռազմական տեխնիկայով պարսպի կործանումը, որը մեծ աղմուկ հանող գործողություն է, մուտքի դռանը ծանր իրով մի քանի անգամ հարվածելը, այն ժամանակամիջոցը, որը ծախսվում է դուռը պայթեցնելու եւ ներխուժելու համար եւ այդ փաստերի հետ խմբի ղեկավարին մերկ ձերբակալելը խոսում է այն մասին, որ այդ խմբի ղեկավարը նույնիսկ սովորական զինվորական ծառայողի կարողություն չունի՝ 45 վայրկյանում հագնվելու համար: Ինչպե՞ս կարող ես վտանգավոր համարել մի խումբ, որի ղեկավարը հանգիստ պառկած սպասում է, թե երբ են ներխուժելու եւ իրեն նկարեն: Ավելին, խումբ, որը համարվում է վտանգավոր, որն իբր թե լուրջ մտադրություն ունի դերերի բաշխմամբ, բացարձակապես ոչ մի քայլ չի կատարել նախապատրաստվելու, ինքնապաշտպանվելու, որովհետեւ զենքերը ոչ թե ձեռքներին են բռնել, այլ գտնվում էին պահարանում, ինչպես տեսանյութում է երեւում: Այլ գնահատական, քան բեմադրություն՝ չես կարող տալ:
-ԱԱԾ-ն հայտարարել է, որ ավելի վաղ էին իմացել խմբի մասին: Ինչո՞ւ ավելի շուտ չվնասազերծեցին:
-Խմբի զինանոցի ծավալը խոսում է այն մասին, որ բավական երկար ժամանակ էր պետք, որպեսզի այդ զինանոցը ձեռք բերեն, որովհետեւ մեկ աղբյուրից ձեռք բերված զինանոցի մասին չի խոսքը: Այդ թվում նաեւ հեռահաղորդակացման տեխնիկական միջոցները եւ այլն: Ստացվում է, որ իրենք կարող էին այս չեզոքացման գործը կատարել եւ իրենց հայեցողության խնդիրն է եղել, թե երբ այդ գործողությունը կատարեն: Հարց է ծագում՝ ինչո՞ւ այս գործողությունը սեպտեմբերին կամ հոկտեմբերին չեն կատարել եւ ինչո՞ւ հիմա: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալն այս առնչությամբ որեւէ հիմանավորում չներկայացրեց եւ անտեսեց, երբ որ խմբի ձեւավորման գործընթացը շատ ավելի երկար ժամանակ է պահանջում՝ իր կողմից վկայակոչված փաստական հանգամանքները հաշվի առնելով: Այդ տեսակետից մնում է օրակարգում, որ ժամանակահատվածը պատահական չի ընտրված. Սահամանդրության հանրաքվեի քարոզչության այս ընթարցքում եւ ինքը հայտարարում է, որ խումբը նպատակ է ունեցել ահաբեկչական գործողություններ իրականցնելու պետական, քաղաքական գործիչների նկատմամբ, ապա այդ դեպքում ես հիմնավոր կասկածներ ունեմ պնդելու, որ չնայած այն հավաստմանը, որ ԱԱԾ-ն ապաքաղաքական մարմին է, բայց այս չեզոքացման գործողության ժամանակի ընտրությունը քաղաքական նպատակ է հետապնդել, որպեսզի նպատակ ունենա ցույց տալու, որ մարդիկ, որոնք նախաձեռնում են սահմանադրական կարգի փոփոխությունը ինչպիսի մարտահրավերների են հանդիպում եւ իհարկե հետապնդվողը ձեռք է բերում շատ ավելի դրական կերպար: Այն ոչ լեգիտիմությունն ու անվստահությունը, որ գոյություն ունի նախաձեռնողների նկատմամաբ՝ փոխելու այդ կերպարը եւ լեգիտիմություն ապահովելու, որի նպատակը սահմանադրական հանրաքվեում «Այո»-ն ապահովելն է:
-Ինչո՞ ւ հասարակությունը չի վստահում պետական կառույցին:
-Հենց ԱԱԾ-ի պետն էր կառավարության նիստերից մեկի ժամանակ նշում, որ խորը անվստահություն կա, մարդիկ չեն վստահում, բայց այս գործողությամբ չբարձրացավ վստահությունը: Ընդհակառակը՝ անվստահությունը շատ խորացավ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետեւանքով եւ եթե դիտարկում ենք այդ տեսանկարահանման գործընթացը, երբ որ տեսանկարահանողը գտնվում է անմիջապես գործողություններ կատարող անձանց մոտ, սա նշանակում է, որ անհամաչափ է պահվածքն այդ վտանգավոր խմբի գործոնի հետ կապված: Ի՞նչ երաշխիք, որ նրանք չէին կրակի իրենց: Այդ առումով մենք խոսքերին կամ գնահատականներին չենք կարող վստահել: Այդ մարդկանց խմբին մոտենում են ոչ պրոֆեսիոնալ կերպով՝ հաշվի չառնելով այդ վտանգավոր համարվող խմբի հնարավոր վտանգները: Ասում են՝ իրենց անձնական կյանքը սպառնալիքի տակ են դրել: Կներեք, եթե ձեր անձնական կյանքը վտանգի տակ եք դնում, ապա ի՞նչ բարոյական իրավունքով եք դուք Գագիկ Շամշյանի կյանքը վտանգում, երբ որ մարդուն ներգրավում եք այդ տեսագրման գործողությունների մեջ:
–ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալն, այսօր խոսելով այն մասին, թե ինչու դեպքից հետո տունը չի կապարակնքվել,ինչու է կողմնակի անձանց թույլ տրվել մուտք գործել տարածք՝ասել է, որ տարածքը կապարակնքվում է այն դեպքում, երբ իրավապահները կարծում են, որ դեռ այնտեղ աշխատանք կա անելու: Սա նորմա՞լ երեւույթ է:
-Ես զուգահեռներ եմ անցկացնում Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետ եւ տեղին է հիշատակել, որ Ավետիսյանների բնակարանը կապարակնքված էր եւ երկար ժամանակ անձեռմխելի էր պահվում, որովհետեւ նախաքննության մարմինը կարող էր նախաքննության ընթացքից ելնելով այլեւս անհրաժեշտ չհամարել տարածքի անձեռմխելիության պահպանումը: Մենք գիտենք, որ այնտեղ լրացուցիչ տեղազննություններ են կատարվել, բայց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալն արդեն իսկ գտնում է, որ արդեն ամեն ինչ կատարվել է: Կներեք, եթե դուք պնդում եք, որ 10-նյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում է եղել կամ այդ քանակով զենքերի մասին է ասվում, դուք ինչ հիմնավորում ունեք, որ այլեւս լրացուցիչ քննչական գործողություններ, լրացուցիչ տեղազննության, մատնահետքերի զննության, փաստաթղթերի զննության նպատակով անհարժեշտ չի կատարել գործողություներ: Ի սկզբանե նման կանխակալ վերաբերմունքը քննչական մարմնի հնարավոր գործողությունների տեսակետից ինձ համար տարօրինակ է եւ անտրամաբանական է: Ավելին՝ դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է եւ այդ առումով ահաբեկչության նպատակի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը հանդիսանում է ԱԱԾ-ն, բայց քննության արդյուքնների հիման վրա կարող ես նման գնահատական տալ եւ հստակ է, որ հաջորդ հիմնավորումն է առաջ գալիս, որ նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունը կասկածի տակ է: Կանխատեսելի է, որ քննությունը պետք է գնա այն ուղղությամբ, որպեսզի այդ գնահատականները հիմնավորեն: Այն դեպքում, երբ որ նման գնահատականները պետք է լինեին նախաքննության արդյունքների հիման վրա:
Աղբյուրը՝ armtimes.com