«Սարի թաղի» ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի պաշտպանին գործի ընթացքի մասին պատշաճ չեն ծանուցել՝ վերջինիս զրկելով միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից
15:57, November 28, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սասնա Ծռեր2016 թ. նոյեմբերի 24-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Սարի թաղի» ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի գործով առաջին դատական նիստը՝ 2016 թվականի հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող` Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելու համար նրան առաջադրված մեղադրանքի շրջանակում:
Դատական նիստի մասին, սակայն, պաշտպանական կողմին, հանձին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի, պատշաճ կարգով չէր ծանուցվել՝ չնայած դատավորի պնդումներին:
Քրեական գործը վարույթ ընդունելու որոշումը և դրա շրջանակում դիմումներ և միջնորդություններ դատարան ներկայացնելու վերաբերյալ պարզաբանումներ ևս պաշտպանական կողմը չի ստացել, ինչի արդյունքում բաց թողնելով օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածը՝ այն է մինչև գործով դատական քննության նշանակումը, զրկվել է միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից:
Բացի դրանից՝ Հր. Բոյաջյանի պաշտպան Արայիկ Զալյանը գործի վարույթը կարճելու կամ արարքը վերաորակելու մասին միջնորդություն էր ներկայացրել գործով նախաքննության ավարտից հետո: Հր. Բոյաջյանի գործողություններին ոչ ճիշտ և անհիմն իրավական գնահատական տալու վերաբերյալ հիմնավորումներ էր ներկայացրել նաև վերջինիս կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդության դեմ բանավոր առարկությամբ, սակայն այս դեպքում մինչ գործով դատաքննություն նշանակելը՝ գործի վարույթը կարճելու կամ գործը դատախազին վերադարձնելու մասին միջնորդությամբ հանդես գալու հնարավորությունից ևս փաստացի զրկված է եղել:
Հր. Բոյաջյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում հաջորդ դատական նիստը նշանակված է 2016 թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին: