Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործով առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ մնաց
16:50, November 28, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կարինե Հովհաննիսյան2016 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի գործով կողմերի վերաքննիչ բողոքների քննությունը:
Դատական նիստը սկսվելուն պես պաշտպանական կողմը ներկայացրեց գործը վերաքննության կարգով քննելու միջնորդություն:
Տուժող Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը, առարկելով գործը վերաքննության կարգով քննելու պաշտպանական կողմի միջնորդության դեմ, նշեց, որ գործը առաջին ատյանի դատարանում քննելու ընթացքում պաշտպանական կողմը զրկված չի եղել միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից, վերջինիս բոլոր միջնորդությունները բավարարվել են, դատարան են հրավիրվել և հարցաքննվել մի շարք վկաներ, այլևս անհրաժեշտություն և հիմքմեր չկան նույն վկաներին նորից լսելու կամ գործին նոր փաստաթղթեր կցելու:
Ինչ վերաբերում է փորձաքննություն նշանակելուն և տուժողի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր ներկայացնելուն, ապա պաշտպանական կողմը, ունենալով այդ հնարավորությունը, առաջին ատյանի դատարանում նման միջնորդությամբ հանդես չի եկել:
Այսպիսով՝ դատարանը ապահովել է բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության բոլոր պահանջները:
Դատարանը, քննարկելով պաշտպանական կողմի միջնորդությունը, որոշեց մերժել այն և գործի քննությունը շարունակել վճռաբեկության կարգով:
Վերաքննիչ բողոքների քննությունը համարելով ավարտված՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և քիչ անց հրապարակված որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժեց՝ անփոփոխ թողնելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ հունիսի 2-ի վճիռը, որով Անահիտ Պետրոսյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով և բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով:
Ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը, սակայն, փաստաբան Անի Չատինյանի պնդմամբ, համարժեք չէ և չի կարող ծառայել իր նպատակին ոչ սոցիալական արդարության վերականգնման, ոչ էլ հետագայում հանցագործությունները կանխելու տեսանկյունից:
Այս համատեքստում հատկանշական է, որ 1.5 տարի տևած քննության ողջ ընթացքում երեխաների մահվան մեջ մեղադրվող բժշկուհին առաջին անգամ վերաքննիչ դատարանի դահլիճում միայն ցավակցական խոսքեր ուղղեց տուժող կողմին:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ տուժող Կարինե Հովհաննիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Անի Չատինյանը վճռաբեկ բողոք կներկայացնի: