Ըստ ՀՀ ԱԱԾ-ի Շանթ Ոսկերիչյանը (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) վտանգավոր է ՀՀ պետական անվտանգության համար
17:27, June 29, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ.-ի հունիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոնկրետ պատասխան է տվել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը Շանթ Ոսկերիչյանին Հայաստանին Հանրապետություն մուտք գործել արգելելու հիմքերի վերաբերյալ:
ՀՀ ԱԱԾ-ն պատասխան գրության մեջ հայտնել է, որ 2015թ.-ի մայիսի 21-ին Շանթ Ոսկերիչյանին (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) արգելվել է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի համաձայն, այն է՝ «Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝ /…/ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ /…/:
Ենթադրում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ն լուրջ հիմքեր ունի նման իրավական որակման համար, որոնք, պահանջի դեպքում, պետք է ներկայացվեն անձամբ Շանթ Ոսկերիչյանին կամ նրա լիազորված անձին:
Հիշեցնենք, որ կազմակերպության առաջին հարցմանը ՀՀ Ազգային անվտանգության Ծառայությունը պատասխան գրությամբ հայտնել էր, որ Շանթ Ոսկերիչյանի (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել էր համաձայն ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի: Մինչդեռ, նշված հոդվածը բաղկացած է 6 մասից և համապատասխան ենթակետերից, իսկ ՀՀ ԱԱԾ-ն համապատասխան կետի կամ մասի որևէ հղում չէր կատարել: