Շարունակվում է Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործի դատաքննությունը
14:37, June 29, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. հունիսի 27-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ն. Օհանյանի, շարունակվեց ըստ մեղադրանքի Հարություն Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով, Մհեր Ոսկանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով, Հովիկ Քալաշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով քրեական գործի քննությունը:
Դատական նիստը կայացավ ամբաստանյալ Հ. Մուրադյանի, Մ. Ոսկանյանի, վերջիններիս պաշտպան Կարեն Բարսեղյանի, Հ. Մուրադյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի, ամբաստանյալ Հ. Քալաշյանի և նրա պաշտպան Ռուբեն Ղազարյանի, մեղադրող Սերգեյ Խաչատրյանի, տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ավետիսյանի, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի, ինչպես նաև տուժողներ Հայկ Հայրապետյանի և Արսեն Անտոնյանի մասնակցությամբ:
Դատական նիստին շարունակվեց տուժող Ա. Անտոնյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Դրանից հետո վերջինս հայտնեց, որ փոխադարձ կատակներ անելու մասին հայտնածը ճիշտ է, սակայն, հարցերին ի պատասխան նշեց, որ Գ. Խաչատրյանը Հ. Մուրադյանի հետ միայն մեկ անգամ է կատակ արել, որի մասին հայտնվել էր ցուցմունքներում: Վկան նաև հայտնեց, որ առերեսումից հետո սեփական նախաձեռնությամբ է կրկին ցուցմունք տվել՝ գիտակցելով, որ սուտ ցուցմունք է տվել: Հիմնակում տուժողը նշեց, որ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները ճիշտ են:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին նաև տուժող Հ. Հայրապետյանը և վկա Արման Կարապետյանը: Վերջիններս իրենց հարցաքննության ընթացքում կրկին հայտնեցին դեպքերի առնչվող նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներին հակասող տեղեկություններ: Դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին վերջիններիս ցուցմունքները: Որպես հիմնավորում, Հ. Հայրապետյանը և Ա. Կարապետյանը նշեցին, որ նախաքննության ընթացքում իրենց ցուցմունքները գրել են քննիչի ուղղորդմամբ, իսկ առերեսումներից հետո կրկին պնդել են նախկինում տրված ցուցմունքները, քանի որ քննիչը նրանց ուղղորդել է այդպես գրել, պնդելով, որ հակառակ դեպքում սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել:
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց: Սույն գործով հաջորդ դատական նիստը կկայանա 2017 թ. հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին, որի ընթացքում կշարունակվի վկանների հարցաքննությունը: