Հ. Կաթրջյանի ներկայացրած բողոքը մերժվեց
17:21, September 29, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ2015 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Բեկթաշյանի, շարունակվեց Հովհաննես Կաթրջյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, հետախուզումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ բողոքի քննությունը հետաձգվել էր Դատարանի՝ քրեական նյութերին ծանոթանալու պատճառով:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Հ. Կաթրջյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարյանը չէր ներկայացել բողոքի քննությանը:
Բողոքաբեր Հ. Կաթրջյանը և Տ. Սիրադեղյանը պնդեցին իրենց կողմից ներկայացված բողոքը, որից հետո Դատարանը, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Մեկ ժամ անց հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց Հ. Կաթրջյանի կողմից ներկայացված բողոքը՝ հաստատելով ՀՀ Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, հետախուզումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման օրինականությունը:
Հիշեցնենք, որ Հ. Կաթրջյանը 1985 թ.-ից ապրում է սրտի խթանիչ սարքով, երկու անգամ՝ 2004 և 2008 թվականներին վիրահատվել է ՙՀայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում՚, վերջին դեպքում 8-10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետ ունեցող սարքի տեղադրման համար վճարել է գնացուցակով նախատեսված գումարը, մինչդեռ հետագայում պարզվել է, որ տեղադրվել է 5 տարի 5 ամիս ժամկետ ունեցող սարք, ընդ որում՝ 2004թ.-ին տեղադրվել է արդեն իսկ օգտագործված սարք՝ չնայած սարքն արտադրող ընկերությունը չի նախատեսում դրա կրկնակի օգտագործումը: Կենտրոնի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որը հետագայում կարճվել է Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարյանի կողմից:
Տես նաև՝ hcav.am