Ցուցարարի դեմ ոստիկանության հայցը մասնակի մերժվեց
10:08, November 29, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա.Դիլանյանի, հրապարակվեց «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Վարդան Բալյանի» գործով դատական ակտը:
ՀՀ Վարչական դատարանը որոշեց Վ. Բալյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ մասի հատկանիշերով ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանել 70.000 ՀՀ դրամ գումարի չափով: Մնացած մասով ՀՀ Ոստիկանության հայցը մերժվեց:
Կայացված որոշմամբ դատարանը փաստել է, որ գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և գնահատման արդյունքում չի ապացուցվել պատասխանողի կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտականություններից որևէ մեկը չկատարելու փաստական հանգամանքի առկայությունը, ուստի՝ բացակայում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման օբյեկտիվ կողմը: Այդպիսով՝ դատարանը գտել է, որ հայցը՝ Վ. Բալյանին ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով անհիմն է և ենթակա է մերժման:
Հիշեցնենք, որ Վ. Բալյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է Գևորգ Սարֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Այնուհետև հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր Վ. Բալյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Վ. Բալյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Տես նաև՝aravot.am