Զինծառայող Գևորգ Խաչատրյանի ինքնասպանության գործը դատարանում է
18:25, May 29, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2017 թ. մայիսի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ն. Օհանյանի, սկսվեց 2015թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զորամասերից մեկում ինքնասպանություն գործած Գևորգ Խաչատրյանի գործի քննությունը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ 2015թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաև ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով):
Դատական նիստին մասնակցում էին ամբաստանյալ Հ. Մուրադյանը, Մ. Ոսկանյանը, վերջիններիս պաշտպան Կ. Բարսեղյանը, ամբաստանյալ Հ. Քալաշյանը և նրա պաշտպան Ռ. Ղազարյանը, մեղադրող Ս. Խաչատրյանը, տուժողի իրավահաջորդ Հ. Ավետիսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև տուժողներ Հ. Հայրապետյանը և Ա. Անտոնյանը: Դատական նիստին ներկայացել էին նաև դատակոչված վկաները:
Նախագահող դատավորը հայտնեց, որ ամբաստանյալ Հ. Մուրադյանի պաշտպան Ս. Սաֆարյանի ու ամբաստանյալ Մ. Ոսկանյանի կողմից հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճելու մասին միջնորդություններ են ներկայացվել:
Մեղադրող Ս. Խաչատրյանն առաջարկեց հետաձգել դրա քննարկումը, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ դրանք անհիմն են և ենթակա են մերժման: Դատարանը որոշեց միջնորդությունները քննարկել ապացույցների հետազոտումից հետո:
Հ. Մուրադյանի պաշտպան Կ. Բարսեղյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց դատարան, որով խնդրեց գործով ներգրավված վկաների հարցաքննություններին, որպես փորձագետ, մասնակից դարձնել հոգեբանի:
Դատախազ Ս. Խաչատրյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանը դեռևս չի տեսել վկաներին և հիմքեր չկան ենթադրելու, որ նրանք ի վիճակի չեն ճիշտ ցուցմունք տալու:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նույնպես առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանը չվկայակոչեց որևէ դրույթ, որը հիմք կտար դատարանին վկաներին հարցաքննել փորձագետի ներկայությամբ, ավելին, դա նախատեսված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի՝ փորձաքննություն նշանակելու, փորձագետի իրավունքները և պարտականությունները սահմանող կարգավորումներում:
Դատարանը, համակարծիք լինելով մեղադրող դատախազի հետ, որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը:
Քանի որ ամբաստանյալ Հ. Քալաշյանը մեղադրական եզրակացությունը չէր ստացել, դատական նիստը հետաձգվեց և նշանակեց 2017 թ. հունիսի 8-ին՝ ժամը 14:10-ին: